Home / Բանակ / Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է․ ՊՆ 

Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է․ ՊՆ 

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Երեկ  ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել վիրավորների ընդհանուր թվի մասին հարցին։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Հուլիսի 13-ից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի  հրետակոծման մասին։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհերի մասին․ մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Ադրբեջանական կողմը հաստատել է իր 11 ռազմական զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։