Ադրբեջանական Զինված ուժերի կողմից վերջին օրերին թիրախավորվել են Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար բնակավայրերը։ Այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը․ թիրախավորվել են երկու գործարաններ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, վնասները նյութական են՝ տներ, գազատար և այլն։
Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող, նախկին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ սահմանամերձ բնակավայրերից տարհանումներ չեն եղել, «բնակչությունը վարժված է այս իրավիճակին», «համապատասխան արագությամբ զբաղեցրել է նկուղները և ռմբաապաստարանները», քաղաքացիականների մեջ վիրավորներ չկան։
Պաշտպանության նախարարությունը, ըստ նախկին խոսնակի, սահմանամերձ գոտի ժամանած լրագրողների համար վաղը, հուլիսի 15-ին, հատուկ «ինֆոտուրեր» կկազմակերպի և անձամբ ցույց կտա բոլոր «ավերածությունները, ինչու չէ՝ նաև կիրառվող զենք֊զինամթերքի մնացորդները և այլն»։
Տավուշի գործարանների և ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման վերաբերյալ հարցին Հովհաննիսյանը չպատասխանեց՝ խոստանալով, որ կպատասխանի վաղը։
Անպատասխան մնաց նաև վիրավորների ընդհանուր քանակին վերաբերող հարցը․ ՊՆ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, և խոստացավ վիրավորների ընդհանուր քանակին անդրադառնալ վաղը։
«Դիրքային առաջխաղացման» մասին հարցին Արծրուն Հովհաննիսյանը նույնպես չպատասխանեց։ Հայկական և ադրբեջանական լրատվականները վերջին օրերին տեղեկություններ են շրջանառում սահմանին հարող բարձրունքային դիրքերից մեկի գրավման մասին։ Հովհաննիսյանն այս տեղեկությունները չհաստատեց, բայցև չհերքեց․ ըստ նրա, պարզաբանումները և քարտեզագրումները կարող են վնասել Զինված ուժերին, իսկ այն, որ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը բոլոր տարիներին բոլոր հնարավոր շանսերը ստեղծել և օգտագործել են դիրքերը բարելավելու համար», ընդհանրապես պետք չէ քննարկել։
ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց նաև, որ օպերատիվ ընդհանուր իրավիճակն այս պահին՝ սկսած մոտավորապես ժամը 18:00-ից, համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են, մեծ տրամաչափի կրակոցներ առհասարակ չկան, լարվածությունը նվազել է, իսկ սահմանի այլ հատվածներում լարվածություն այս օրերի ընթացքում չի առաջացել։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհերի մասին․ մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։
Ադրբեջանական կողմը հաստատել է իր 11 ռազմական զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։