Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
«Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։
Կան զոհեր և վիրավորներ․ Ադրբեջանն ավելի վաղ հաստատել է իր 12 ռազմական զոհերը, այդ թվում՝ խաղաղ բնակչի սպանության մասին տեղեկությունները։ Հայկական կողմը հայտնել է 2 զոհված զինծառայողի մասին։