Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված է Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ Հայաստանի Զինված ուժերից այդ ուղղությամբ կրակ է արձակվել: Հղվելով Ռազմ․ինֆո կայքին՝ ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից ներկայացնելով հետևյալ լուսանկարը․
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտնել է, որ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Ադրբեջանը հաստատել է նաև իր 11 ռազմական զոհերը։
Հայկական կողմը հայտնել է 2 զոհված զինծառայողի մասին։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։