Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ՊՆ հաղորդել էր, որ մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։
Ադրբեջանական կողմը հաստատել է իր 11 զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։