Home / Հայաստան / Ոստիկաններն իրենց շատ տհաճ ձևով դրսևորեցին․ Եղեգնուտի բնակիչ

Ոստիկաններն իրենց շատ տհաճ ձևով դրսևորեցին․ Եղեգնուտի բնակիչ

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ֆորս մաժորային իրավիճակ էր․ մոտ 200 ոստիկան, ներխուժելով գյուղ, տարհանել է տեղի բնակիչների կողմից գյուղապետարանի մոտ կայանված ավտոմեքենաները։ Տեղի ունեցածը նկարագրելով, հանրապետական Ռազմիկ Մարգարյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերականգնվելու դեմ արտահայտվողները նշում են՝ իրենց հաջողվեց հաղթել։

«Ոստիկանները փակել էին ճամփեն մեքենաներով և խումբ-խումբ ամբողջ համայնքը շրջափակել։ Առավոտ 5-ին ժողովուրդն արթնացավ, ինքնաբուխ սկսեց հավաքվել, իսկ ոստիկանությունն ուզում էր ներխուժել համայնքապետարան։ Ոստիկաններն իրենց անշնորհք ձևով դրսևորեցին։ Շատ տհաճ տեսարան էր, թե ինչպես էին երեխաներին ու կանանց վերաբերվում», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է տեղի բնակիչ Սմբատ Մկրտչյանը։

https://www.facebook.com/smbat.mkrtchyan.14/videos/3148158118637450/?epa=SEARCH_BOX

Զրուցակցի խոսքով՝ մի քանի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր։ Համայնքի բնակիչները, սակայն, կարողացան դիմադրել մինչև առավոտ, երբ ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի՝ դատարան ներկայացրած հայցն ընդունվեց վարույթ, դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին։ Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անվավեր էր ճանաչել նախկին մարզպետի՝ Մկրտչյանին համայնքապետի պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։

«Այսպիսով, մարզպետի որոշումն անվավեր ճանաչվեց։ Միայն դրանից հետո ոստիկանները դադարեցրեցին գործողությունները և քիչ-քիչ հեռացան։ Ժողովրդի մի մասն արդեն ցրվեց՝ ծափահարություններով, շնորհավորանքներով ընդունելով դատարանի որոշումը», – պատմել է զրուցակիցը։

«Կեցցե՛ Եղեգնուտը, կեցցե՛ Եղեգնուտի ժողովուրդը, կեցցե՛ արդարությունը։ Եղեգնուտի ժողովուրդը կրկին հաղթեց և վերջնական թաղեց ՀՀԿ֊ին։ Կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը, կեցցե՛ թավշյա հեղափոխությունը», – այսպես էին եղեգնուտցիները տոնում իրենց հաղթանակը։

Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել էր 34 տարիների ընթացքում։ 2018-ին ցույցերի դուրս եկած գյուղացիներն ասում էին, որ այդ տարիների ընթացքում նա զբաղված էր գյուղի թալանով։