Home / Մարզեր / «ՀՀԿ-ական թալանչիի վերադարձը վարակից վտանգավոր է»․ Եղեգնուտը չի հանձնվում

«ՀՀԿ-ական թալանչիի վերադարձը վարակից վտանգավոր է»․ Եղեգնուտը չի հանձնվում

Հանրապետական Ռազմիկ Մարգարյանի՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնում վերականգնվելու դեմ արտահայտվողները կրկին դուրս են եկել բողոքի։ Հուլիսի 7-ին ժամը 08։00-ից գյուղացիները շրջափակել են համայնքապետարանի շենքը։ «Գյուղապետարանը ժողովրդինն է ու չի աշխատելու էնքան ժամանակ, մինչև էս հարցին լուծում չտան։ Ժողովուրդը, իրա գործերը թողած, բահերն ու հավաքած բերքը մեքենաների մեջ՝ կանգնած է համայնքապետարանի դիմացը», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սմբատ Մկրտչյանը՝ նշելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է։

Զրուցակցի խոսքով՝ իրենք ուզում են, որ խնդրի մասին իմանա նաև վարչապետը․ «Որպեսզի հայտնաբերեն վարչապետի մեջքի հետևում էդ ամենը կազմակերպողներին ու պատասխանատվության ենթարկեն»։

Վարչական դատարանի որոշումը չընդունող հարյուրավոր մարդիկ չեն շտապում հեռանալ։ Ոստիկանների՝ համաճարակով պայմանավորված հավաքների արգելքի մասին հայտարարություններին միաբերան կրկնում են՝ նախկին ՀՀԿ-ական թալանչիի վերադարձը վարակից վտանգավոր է։

«Կորոնավիրուսից շանս կա փրկվելու, սրանից՝ չկա», – ասել է Մկրտչյանը։ Նրա խոսքով, սակայն, մարդիկ պահպանում են հակահամաճարակային կանոնները։

Ավելի վաղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը անվավեր ճանաչեց Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած որոշումը, ինչի համար հիմք է հանդիսացել Վարչական դատարանի ակտը:

Իսկ Վարչական դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարին վերականգնել է պաշտոնում, որից զրկվել էր 2018 թվականին՝ տեղացիների ճնշման տակ։ Երկար տարիներ զբաղեցնելով պաշտոնը, Մարգարյանն, ըստ բողոքողների, թալանում էր գյուղը։