Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ղեկավարվելով Վարչական դատարանի որոշմամբ, անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018 թվականին ստորագրված որոշումը: Մեջբելերով մարզպետի խոսքերը, համայնքի բնակիչներից մեկն ասել է Epress.am-ի հետ զրույցում, որ Մաթևասյանը մտադիր է դատարանի որոշումն ուղարկել համայնքապետին և «ինքը ձեռքերը լվանալու է․ մնացածն ով ինչ անի, թող անի»։ Նրանք մտահոգված են՝ Հանրապետական կուսակցության անդամը ցանկանում է վերադառնալ։
Երկու տարի առաջ Ռազմիկ Մարգարյանը՝ ժողովրդի ճնշման ներքո, հեռանալու մասին դիմում էր ներկայացրել, ինչից հետո այն ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջինյանի որոշմամբ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը։ Նախկին գյուղապետը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել որոշումը, սակայն մերժում էր ստացել։ Իսկ նախկին Ավագանին չէր արձանագրել հրաժարականը։
Այժմ, դատարանի որոշմամբ, պաշտոնակատարը՝ ժամկետն ավարտվելու հիմքով, պետք է հեռանա։
Համայնքի բնակիչներն անհանգստացած են։
Ըստ զրուցակցի՝ նախկին հանրապետական համայնքապետի վերադարձի մասին իրենց մարզպետն է ասել, ըստ որի, դրա մասին իբրև թե ասված է դատարանի՝ ժամանակավոր պաշտոնոկատարի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ։ Պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո, որը երկու օր առաջ էր տեղի ունեցել, Մաթևոսյանը հայտնել էր, որ նշանակում կատարելու իրավասություն չունի և պատրավորվում է կատարել դատավորի որոշումը։ «Բայց դատավորի որոշումը թույլ չի տալիս նախկին պաշտոնյային պաշտոնին վերադարձնել», – ասում է Եղեգնուտի անհանգստացած բնակիչը, ըստ որի, մարզպետը տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրվանից համայնքը պետք է աշխատի «նախկին ձևով՝ ոնց որ աշխատել էր երկու տարի առաջ»։
Անհանգստությունն էլ հենց դրա հետ է կապված․ ինչո՞ւ է շոշափվում նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի անունը։ Մարդիկ, ըստ զրուցակցի, գիտակցում են, որ այս ամենն անօրինական է, և պատրաստ են կրկին դուրս գալ փողոց՝ հանրապետականի վերադարձը կանխելու համար․ «Ինքը հրաժարականի դիմում ա գրել, ներկայիս Ավագանին պահանջելու է էդ դիմումը և համաձայնություն տա դրան։ Ու մարզպետն էլ իրավունք չունի, իրավասություն չունի իրան նորից նշանակելու պաշտոնին։ Ինքը հեռացել ա անվերադարձ»։
Մարգարյանն այս պաշտոնը զբաղեցրել էր 34 տարիների ընթացքում։ 2018-ին ցույցերի դուրս եկած գյուղացիներն ասում էին, որ այդ տարիների ընթացքում Մարգարյանը զբաղված էր գյուղի թալանով։