Home / Դատարան / ՍԴ 4 դատավորների մասնակցությունը Քոչարյանի գործի քննությանն անհնար է․ ՍԴ նիստը չկայացավ

ՍԴ 4 դատավորների մասնակցությունը Քոչարյանի գործի քննությանն անհնար է․ ՍԴ նիստը չկայացավ

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի՝  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ», – գրել է Եգորյանը։

Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը ՍԴ-ն պետք է սկսեր ասյօր՝ ժամը 11։00-ին։ 

Նախատեսված նիստը, սակայն, չկայացավ։ ՍԴ-ի աշխատակազմի ներկայացուցչի խոսքերով՝  քվորումի բացակայության պատճառով: 

Սահմանադրական դատարան, հիշեցնենք, դեռևս 2019 թվականին դիմել էին դատավոր Դավիթ Գրիգորյանը և Քոչարյանի փաստաբանական թիմը։ Քոչարյանի փաստաբանները Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո՝ հունիսի 25-ին, հայտարարեցին ՍԴ իրենց դիմումը հետ վեցնելու մասին։

Ավելի վաղ, հիշեցնենք, Քոչարյանին մեղսագրվող 300․1 հոդվածի վերաբերյալ (սահմանադրական կարգը տապալելը) ՍԴ-ի խնդրանքով խորհրդատվական կարծիքներ էին հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալների անունից դիմում է ներկայացվել ՍԴ՝ ՍԴ 7 անդամների (նրանցից երեքի լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններով) Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։ Դիմումը անդրադարձ էր կատարում հիշյալ ՍԴ անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը, ներկայացնում փաստեր, որոնք կասկածի տակ են դնում Քոչարյանի գործի քննության համատեքստում նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը։ Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ, ասված էր դիմումի մեջ։