Հուլիսի 16-ի առավոտյան Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների մասին, որի հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ «Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան», – գրել է խոսնակը։
Նա նաև հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին հայկական բնակավայրերն ու դիրքերը:
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և ներկայացրել ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են, ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր․ «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»։
Միջազգային հանրությունը շարունակում է կողմերին զսպվածության կոչ անել։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ կայացած ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը։
Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները նույնպես անդրադարձել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին հուլիսի 12-14-ը տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով երկու կողմից առնվազն 16 մարդ է զոհվել։
«Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերին համապատասխան», – մասնավորապես, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ երեկվա հայտարարությունում։