Ուղիղ մեկ շաբաթ առաջ անհետացած հայաստանցին հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական մամուլի համաձայն՝ զինծառայողները նրան ձերբակալել են Նախիջևանի սահմանին։ Իսկ այսօր Naxcivantv-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ տղամարդը ներկայանում է որպես Նարեկ Սարդարյան՝ ասելով, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ է։ Իսկ իր հետ հայերեն զրուցողն ուղղորդող հարցեր է տալիս։
Նշվում է նաև, որ նա խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։
Չնայած սահմանը հատելու մասին Ադրբեջանի հայտարարություններին, Սարդարյանի հարազատները պդնում են, որ նրան առևանգել են։
Նշենք, որ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի դրույթներն անտեսելով, երկու երկրները շարունակում են նման դեպքերում տեսանյութեր հրապարակել՝ հանրայնացնելով հանրային դեմք չհանդիսացող մարդու անձնական տվյալները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 30-ամյա Ներքին Խնձորեսկի բնակիչը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը։ Երկրորդ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է, որն Ադրբեջանում անազատության մեջ է։