Home / Բանակ / Ադրբեջանցիների շրջանում տարածում է գտնում #եսպատերազմչեմուզում հեշթեգը

Ադրբեջանցիների շրջանում տարածում է գտնում #եսպատերազմչեմուզում հեշթեգը

Համացանցի ադրբեջանական սեգմենտում տարածվում են #müharibəistəmirəm՝  #եսպատերազմչեմուզում  և #nowar` #ոչպատերազմին հեշթեգերը, հնչում են հակապատերազմական կոչեր։

Տասնյակ օգտատերեր՝ հեշթեգներով կամ առանց, գրում են ռազմական գործողություններին դեմ․ «Հեշտ է ասել․ «Պատերազմ եմ ուզում»։ Ես չեմ ուզում մահանալ կամ սպանել։ Չեմ ուզում տեսնել երեխաների, ում ծնողները սպանվել են, չեմ ուզում տեսնել ծնողների, ովքեր որդիներին բանակ են ուղարկել ու նրանց մահացած մարմիններն են գրկում։ Ոչ մի դեպքում չեմ ուզում մեռած լինել։ Ինչո՞ւ ես ուզում մահանալ նրանց հետ»։

«Տիկնայք և պարոնայք, նստել եք էկրանների առաջ ու ասում եք՝ «առաջ», «թող պատերազմ լինի», այն դեպքում, երբ հաճախ լվացվելու ջուր չեք կարողանում գտնել, երբ ձեր երեխաները սովից ստիպված են լինում պաստառ ուտել, երբ փոքր բողոքներին ստիպողաբար մասնակցելու համար մարդկանց հանում են տներից (տեսեք՝ ինչ է լինում)։ Դուք չեք պայքարել ընդդեմ Սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարության, Ներքին գործերի նախարարության, իսկ հիմա պատերա՞զմ եք ուզում», ֊ գրում է մեկ այլ օգտատեր։

«Ինչքա՞ն եք «հայրենասիրական» գրառումներ անելու ու դրոշներ դնելու ձեր էջերում։ Մարդկային կյանքը խաղալիք եք սարքել #müharibəistəmirəm»։

Որոշ օգտատերեր Հայաստանից ևս սկսել են օգտագործել #ես_չեմ_ուզում_պատերազմ_ես_ուզում_եմ_որ_մարդիկ_չմահանան  հեշթեգը, որը մեծ տարածում, սակայն, դեռ չունի։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պայմաններում Ադրբեջանի մի շարք քաղաքներում, նաև՝ մայրաքաղաք Բաքվում, բողոքի ակցիաներ են՝ «Շեհիդներն անմահ են, Հայրենիքն անբաժանելի է», «Ղարաբաղ» և «Ազատություն Ղարաբաղին» կարգախոսներով։ Հուլիսի 14-ի երեկոյան ցուցարարներին հաջողվել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ակցիայի մասնակիցներին շենքից հանել են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ մահակների և արցունքաբեր գազի կիրառությամբ։

Լուսանկարները՝ Բի-բի-սի-ից

Հազարավոր երիտասարդներ դրոշներով շարժվել են դեպի «Շեհիդների զբոսուղի»՝ իշխանություններից պահանջելով պատերազմ սկսել։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենա է օգտագործել։ Ակցիայի մասնակիցներին, սակայն, հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք։

https://twitter.com/ConflictsW/status/1283184830839218176?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1283184830839218176%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fepress.am%2Fru%2F2020%2F07%2F15%2FD0B2-D0B0D0B7D0B5D180D0B1D0B0D0B9D0B4D0B6D0B0D0BDD0BED18FD0B7D18BD187D0BDD0BED0BC-D181D0B5D0B3D0BCD0B5D0BDD182D0B5-D181D0BED186D181.html

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի Տավուշի մարզի շրջանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Հրետանակոծության են ենթարկվում նաև սահմանամերձ բնակելի շրջանները։ Հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի հրետանակոծության մասին։ Ադրբեջանական կողմը հայտնել է Թովուզի շրջանի գյուղերի ուղղությամբ կրակոցների մասին։

Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մահացու հրաձգային վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը,  կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Ադրբեջանական կողմը հայտնել է 11 զինվորականների և մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։