Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են չեղարկել օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն, համավարակի պատճառով հեռահար ուսուցման անցած համալսարանների արտասահմանցի ուսանողները ստիպված պետք է լքեին երկիրը, իսկ ինքնակամ չհեռանալու դեպքում՝ կարտաքսվեին, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Սպիտակ տունը հաստատել է այդ որոշումից հետ կանգնելու մասին տեղեկությունները։ Պատճառը հարուցված մեծ թվող դատական գործերն են՝ որոշ համալսարաններ կամ որոշ նահանգների իշխանություններն ընդդեմ կառավարության։
Դատական հայցեր, մասնավորապես, ներկայացրել են Հարվարդն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը։ Բուհերը նշում են, որ ադմինիստրացիայի գործողություններն անօրինական են և բացասաբար կանդրադառնան ակադեմիական պրոցեսների վրա։ Արտասահմանցի ուսանողներին հետ ուղարկելու նախագծին դեմ են արտահայտվել քսան նահանգներ։ Տասնյակ խոշոր կազմակերպություններ, այդ թվում Google-ը, Facebook-ը և Twitter-ը, տասնյակ քոլեջներ ու համալսարաններ դիմել են դատարաններ և ԱՄՆ նախագահից պահանջել վերադարձնել արտասահմանցի ուսանողների նկատմամբ նախկինում ընդունված քաղաքականությունը։
Երեկ կայացած դատական նիստի ժամանակ, որում քննվում էր Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանների հայցերը, Մասաչուսեթս նահանգի շրջանային դատավոր Էլիսոն Բերոուզը հայտարարել է, որ ԱՄՆ ադմինիստրացիան և բուհերի ներկայացուցիչները համաձայնության են եկել ընդունված որոշումը չեղարկելւ մասին։ Նիստի լսումները տևել են 4 րոպե։
Հարվարդի համալսարանի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա տարում բոլոր դասերն անց ացնել օնլայն ռեժիմով։ Նախագահ Դոնալդ Թրամփը, ով կոչ էր անում սեպտեմբերից վերաբացել բոլոր ուսումնական հաստատությունները, Հարվարդի համալսարանի որոշումը որպես «անհեթեթություն» է որակել։
Ամերիկյան բուհերում սովորում է ավելի քան մեկ միլիոն արտասահմանցի ուսանող։ Մի շարք ուսումնական հաստատություններ ուղիղ ֆինանսական կախվածություն ունեն արտասահմանցի ուսանողներից, ովքեր հազարավոր դոլարների ուսման վարձ են վճարում։