ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում քննարկվեց և ընդունվեց «Հանրակրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Սակայն, ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի, փոփոխությունների մեծ մասն ուղղակիորեն դպրոցին չի վերաբերում։ Դպրոցների ինքնուրույնության կողմնակից Աշոտ Բլեյանը հեռավար ուսուցումն է կարևորում և դատապարտված համարում մինչ այժմ կուտակված փորձը։
Դրական համարելով մի շարք փոփոխություններ, Աշոտ Բլեյանը նշեց՝ խոսք չկա դպրոցի, սովորողի, ուսուցչի ինքնուրույնության մեծացման, ընտրության հնարավորությունների ընդլայնման, ղեկավարման ապակենտրոնացման, կառավարմանն, ընդհանրապես, ուսուցչի կարգավիճակի հստակեցման մասին։ Դրա հետ մեկտեղ Բլեյանը ենթադրում է, որ փոփոխությունները շարունակական են լինելու։
Խոսելով հեռավար կրթության կարևորության մասին, նա նշեց․ «Փոփոխությունները երբ որ կատարվում են, որքան հնարավոր է ամբողջական պետք է լինի մոտեցումը։ Միշտ դա պետք է դիտել ոչ թե մեզ շնորհ՝ նախարարության կամ ուրիշ մարմնի, այլ երեխայի, սովորողի իրավունք», ֊ ասել է լուսավորության նախարարի նախկին պաշտոնակատարը (1994 — 1995)։
Բլեյանը օրինակ բերեց օրենքով նախատեսված երեխայի՝ ծնողի հետ խորհրդակցելուց հետո, ուսուցման ձևի ընտրությունը․ «Սահմանելով հեռավար ուսուցման ձևը, դու էդ իրավունքը փոխանցում ես ծնողին ու սովորողին, էլ իրավունք չունես սահմանափակես։ Տեսեք՝ սահմանափակումն ինչ կետով է գնում․ «Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչը․․․»։ Իսկ եթե կա, բայց երեխան համարում է՝ դա վատն է։ Կամ եթե սովորողը երկու ամիս պիտի բացակայի կամ հիվանդացել է, ինչո՞ւ ինքը չի կարող դիմել հեռավար ուսուցմանը»։
Միանգամից դա, իհարկե, չի արվում, սակայն, ինչպես նկատեց Աշոտ Բլեյանը, շատ կարևոր է հենց սկզբից ամեն ինչ այնպես կազմակերպել, որ «չվերածվի արհեստական մի իրավունքի, որից չեն օգտվում, որովհետև վատն է»։
Հասկանալի չէ՝ ո՞ր ռազմավարության կամ տեսլականի հիման վրա են իրականացվում փոփոխությունները, իր մտահոգությունով կիսվեց մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Բանն այն է, որ 2019 թվականի մայիսին կառավարությունն ընդունեց 2019-2023թթ․ միջոցառումների պլան, ըստ որի, անցած տարվա ամռանը և աշնանն արդեն պետք է ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող մի քանի ռազմավարական փաստաթուղթ, մինչև հունվարի 20-ը վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեին միջնակարգ կրթության չափորոշիչները, սակայն դրանցից ոչ մեկն արված չէ։
«Գլխավոր բացն այն է, որ այն գաղափարական ռազմավարական հիմքը, որը նախարարությունը ճիշտ ձևով պլանավորել էր անել, ըստ էության, չի արվել, և հիմա այս օրենքի փոփոխությունները նորից նախկին հին ձևերով կոսմետիկ բաներ պետք է փոխեն։ Մեզ համար անհասկանալի է մնում՝ ի՞նչ ռազմավարության, ի՞նչ ուղղության հիմքի վրա ենք այս փոփոխություններն անում», ֊ հայտարարել է փորձագետը։
Սակայն դրական փոփոխություններ ևս կան, մասնավորապես, դպրոցում գործող տարբեր խորհուրդները, բացի կառավարման խորհրդից, նույնպես տնօրենի ընտրության գործընթացին ներգրավվելու հնարավորություն են ստանում։ Այս դեպքում ևս խնդիրը կիրառման հետ է կապված, որովհետև, ըստ Խաչատրյանի, «մի բան է՝ օրենքում գրել, և մեկ այլ բան՝ տեսնել, թե ինչպես պետք է մանկավարժները, աշակերտները կամ մյուս խորհուրդները ներգրավվեն այդ պրոցեսի մեջ»․
«Բոլորս էլ գիտենք, որ ներառականությունն ուղղակի չի նշանակում մարդկանց մի սեղանի շուրջ նստացնել։ Ներառականությունն այն է, թե մարդիկ, որ նստել են մի սեղանի շուրջ, ինչ֊որ բան ասո՞ւմ են, թե՞ ուղղակի ֆոն են ապահովում՝ կեղծ մասնակցայնությամբ»։
Կարևորելով հեռավար ուսուցումը, մասնագետը նշեց, սակայն, որ, փաստորեն, դպրոցներին, որտեղ տվյալ առարկայի ուսուցիչը բացակայում է, հնարավորություն է տրվում ուսուցումն իրականացնել հեռավար ձևով․ «Մտահոգություն ունեմ, որ եթե էս օրենքի կետն ընդունում ենք, դպրոցները, գուցե, այլևս ոչ էլ ջանք դնեն ինչ֊որ մեկին գտնելու համար, իսկ բուն դպրոցական կրթության պարագայում ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շատ-շատ կարևոր է, որովհետև դպրոցական կրթության մեջ, բոլորս էլ գիտենք, որ գլխավորը դաստիարակության էլեմենտն է, և գիտենք, որ գյուղեր կան, որտեղ մի քանի առարկայի ուսուցիչ չկա։ Ես մտահոգություն ունեմ, որ շատերը կնախընտրեն՝ լավ, մարդ գտնելու փոխարեն, եկեք հեռավար անենք, պրծնենք»։
Հակադարձելով, Աշոտ Բլեյանն ասաց, որ փոփոխություններ ցանկացող որևէ դպրոցի ուսուցչի մեղքով չէ, որ երկրի այս կամ այլ մասում խնդիրներ կան, որոնք միշտ էլ կլինեն։ Նա շեշտեց, որ ինքնավարության և նախաձեռնողականության մասին հիշատակելը հենց այն բանի համար էր, որ գաղափարը սկսի «ցանցային աշխատել»․
«Որտեղ պատրաստ են, որտեղ գնում են, ասել՝ գնացե՛ք էդ ճանապարով, որովհետև իրե՛նք պետք է անեն էդ փոփոխությունը և ստեղծեն էն թանկարժեք հայաստանյան փորձը, որը, գուցե, մնա նախարարությանը, որ նայի՝ առաջացող փորձն ի՞նչ ուղղությամբ է գնում, ինչպե՞ս կապի էդ բաներն իրար։ Իսկ եթե մենք էլի ուզում ենք լիազորությունները կառավարությունից բերել նախարարություն, նորից բրգաձև կլինի, բան չի փոխվի։ Էդ դեպքում ո՞րն է էս ազատության, հնարավորությունների արժեքը»։
Ըստ նրա՝ առանց ընդունակների ու պատրաստված խմբերի ներքաշման, հնարավոր չէ հաջողություն ունենալ միայն օրենքների փոփոխության շնորհիվ։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանն, ով, իր իսկ խոսքով, մինչև 2019 թվականը դպրոցում էր աշխատել, խնդիրը դիտարկում է հենց դասարան մտած ուսուցչի և աշակերտի հոգեբանությունը հաշվի առնելով։ Հեռավար կրթության առավել լայն կիրառման հնարավորության տրամադրումն, ըստ նրա, ռիսկային է․
«Երբ այս մասին քննարկումներն արվեցին, հետաքրքրությունը, որն առաջացավ դեռահասների և, միևնույն ժամանակ, ծնողների մոտ․․․ սա ռիսկ է, որ դպրոցները կարող են ուղղակի դատարկվել և հիմնական աշակերտները նստեն տանը և հետագայում, մասնավորապես, ավագ դպրոցում՝ կրկնուսույցի մոտ պարապելով, դասի չգան»։
Տվյալ ռիսկը հաշվի առնելով է, որ օրենքի մեջ են դրվել բացառիկ դեպքերը և ժամանակավոր վիճակը․ «Ժամանակավորը հստակ դրված է, որ եթե երկու կամ երեք անգամ մրցույթ է հայտարարվում և տվյալ առարկայի համար ուսուցիչը չի գտնվում, տվյալ դպրոցը դիմում է հեռավարի համար, սակայն այդ նույն ժամանակահատվածի ընթացքում, օրենքով նախատեսված հնարավոր բոլոր օղակներից օգտվելով, պետք է գտնվի անձը, որը պետք է գնա հեռավոր գյուղերում աշխատելու»։ Որքան էլ տվյալ ձևն այլընտրանք համարվի, փաստեց Հովսեփյանը, ներկայումս հնարավոր չէ որակ ապահովել․ «Որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ եթե, օրինակ, երեխան որոշում է տանը մնալ, ինքն այդ կրթությունը կիրացնի և կնստի, կսովորի տանը դպրոցի այդ ծրագիրը։ Որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ եթե, ենթադրենք, դպրոցում չկա ֆիզիկայի ուսուցիչ, հեռավորության վրա կկարողանան երեխայի մոտ առաջացած հարցերի ամբողջական պատասխանը տալ և միևնույն ժամանակ գիտելիքներ տրամադրել»։
Արձագանքելով, Բլեյանը զարմացավ, որ հեռավար ուսուցման օգտին արված ընտրությունը կարող է մտավախություն առաջացնել․ «Սա ահազանգ կարող է լինել՝ փոխե՛ք ձեր դպրոցները։ Փոխենք, լավացնենք, գրավիչ դարձնենք, որովհետև երեխան պիտի ուզենա գա, շփվի, տեսնի, իմանա, ֆիզկուլտ անի, ճամփորդի»։ Կրթությանը միշտ պետք է նայել որպես երեխայի իրավունք և դադարել դիտարկել այն որպես պարտականություն, հավելեց նա։ Իսկ համայնքին ու շահագրգռված անձին պրոցեսի մեջ ներքաշելով, կհեշտանա պետության գործը։ Դա նաև թույլ կտա ձեռք բերել այնպիսի յուրահատուկ մի բան, ինչպիսին տեղական փորձն է։ Մյուս ճանապարհը, դատապարտված է, համոզված է Բլեյանը․ «Այդ ճանապարհով գնացել ենք»։