Սեպտեմբերի 1-ը կիրակի է, ինչն, այնուամենայնիվ, չի խանգարի նշել Գիտելիքի օրը։ Ի ուրախություն երեխաների՝ դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, սակայն օրը նշվելու է․ Կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտնել է տարբեր միջոցառումներ կազմակերպվելու իր մտադրության մասին։ Իսկ ծնողներից շատերն այս օրերին դեռ շարունակում են նախապատրաստվել։ Epress.am֊ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե մոտավորապես ինչ չափսերի են հասնում ծախսերը սեպտեմբերի մեկին ընդառաջ։
2-րդ դասարանի աշակերտի մայր․ Համազգեստ առնելու դեպքում սեպտեմբերի մեկի ծախսերը կտրուկ աճում են՝ հասնելով, ընդհանուր առմամբ, 50֊ից 70 հազար դրամի, որի մեջ մտնում են գրենական պիտույքները (եթե ուսապարկը հաշվենք, 20 հազար դրամին մոտ ծախս է), դասագրքերը (մինչև չորրորդ դասարանը տրամադրում է դպրոցը՝ անվճար, չորրորդից այն կողմ գրքերը ձեռք են բերվում վճարովի, ինչը միջինում 10 հազարի կարգի ծախս է ենթադրում)։ Ամենաշատը, միևնույն է, ֆորմայի վրա է գնում։ Ամեն երեխայի համար նվազագույնը երկու փոխնորդ, ընտանիքների մեծ մասը երկու և ավել երեխա ունեն։ Ֆորմաները, գիտեմ, որ տեղեր կան՝ կարում են, մեզ մոտ ծնողներն առնում են։ Սեպտեմբերի մեկի նախօրեին ֆորման, իմիջայլոց, ահագին թանկանում է։
Հիմնականում մեր դպրոցում սովորում են միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներ։ Երեխաների գերակշիռ մասը ունի դպրոցական քույր կամ եղբայր, այսինքն՝ այս ծախսերը շատերի համար կրկնապատկվում կամ եռապատկվում են։ Ի դեպ, եթե ամենօրյա հագուստը ժառանգվում է մեծից փոքրին, դպրոցական սպիտակ ֆորման ժառանգելի էլ չի։ Մի սեզոնում շարքից գնացող ապրանք է, հատկապես փոքրերի դեպքում։
Հետո՝ մեր դպրոցում ձմռանը ընդհանրապես ոչ֊ոք սև ու սպիտակ չէր հագնում։ Ստացվում է՝ լրիվ ձևական այդքան փող է ծախսվում ընդհամենը գարնանային ու աշնանային մի քանի ամիսների համար։
Մեր դասարանում մենք դա երկար քննարկումների շնորհիվ ի վերջո հանեցինք։ Հիմա մեզ մոտ ոչ ոք համազգեստով չի գալիս դասի։ Բայց զուգահեռներում այդ ավանդույթը դեռ պահվում է։
Մենք ծնողական ժողովների ժամանակ, տնօրենի հետ միասին, ամենասկզբից ենք բարձրացրել խնդիրը։ Ես ասացի, որ աղջկաս համար ֆորմա չեմ առնելու և առաջարկեցի, որ հրաժարվենք սև֊սպիտակ այդ կապրիզից, ու երեխաները հագնեն այն, ինչ ունեն։ Ծնողների մեծ մասը սկզբում դեմ էր, համ էլ՝ շատերն արդեն նախապատրաստվել էին, բոլորը սպիտակ վերնաշապիկներն ունեին, բայց հետո կարողացանք համաձայնության գալ։ Մարդիկ երբ հասկանում են, որ դա նաև իրենց գրպանին է խփում, որ այդպես հոգսերը մի քիչ թեթևանում են, շուտ են փոխում կարծիքը։ Հիմա մեզ մոտ բոլորն իրենց սովորական շորերով են գալիս՝ գույնզգույն։
4-րդ և 2-րդ դասարանների աշակերտների ծնող․ Երեխաներս հանրակրթական դպրոց տեղափոխվելուց հետո ֆորմա չեն հագել, թեև մեր դպրոցում, մեր դասարանում հաճախ դա կոնֆլիկտի թեմա է դառնում։ Հաշվի առնելով, որ նախարարությունից պարտադրական բան էլ չկա, ես միշտ ասում եմ, որ իրենք իրենց շորերով կգան։ Այդ ծախսը փորձում եմ իմ վրայից հանել։ Դա քիչ փող չի, իրականում, ու լրիվ անիմաստ։ Ասենք, ես խուսափում եմ այդ ծախսից, արդյունքում իմ վրա սեպտեմբերի մեկը նստում է 10֊ից 20 հազար դրամ։ Մինչև տասը հազար՝ գրենական պիտույքներ ու մանր֊մունր բաներ։ Եվս 10 հազարի կարգի՝ դասագրքեր։ Եթե երկու երեխայի համար հիմա 30֊ից քիչ կարող եմ տալ, համազգեստ գումարելու դեպքում այդ թիվը կարելի է կրկնապատկել ու եռապատկել՝ շրջազգեստ, շալվար, փոխնորդ վերնաշապիկներ, գուլպա, էլ ինչ ասես։
Համազգեստի ներմուծումը հիմա հաճախ ծնողների նախաձեռնությունն է․ սկսում են կարել կամ ինչ֊որ ստանդարտների շուրջ պայմանավորվել։ Կարելն ավելի էժան է, բայց մեկ է՝ մի կոմպլեկտը մոտ տասը հազար կարժենա։ Ավել էլ։ Գումարած փոխնորդը։
Ասում են՝ որպեսզի երեխաները հավասար և իրար նման լինեն։ Բայց ծնողները հավասար ու իրար նման չեն․ շատերի համար դա իսկապես փոքր թիվ չէ։ Հատկապես, երբ խոսքը երկու֊երեք երեխաների մասին է։
Դասղեկների խնդիր կա․ ինձ բան չէին ասում արդեն, երեխուն էին ճնշում, որ «ճիշտ» հագնվի։ Այսինքն, հա՛մ երեխային են անհարմար իրավիճակում դնում, հա՛մ երեխայի միջոցով փորձում են ծնողի վրա ճնշում գործադրել։ Դասղեկից է կախված, բայց, հա, շատ հաճախ և՛ իրենք, և՛ ծնողները հակված են ներքին համաձայնությամբ համազգեստի անցնել։
Խնդիրը մի քանի պատճառով է փող քաշող։ Նախ՝ սպիտակ այդ վենաշապիկները սարսափելի արագ են կեղտոտվում, լաքոտվում։ Մի քանի անգամ հագնելուց հետո դառնում են լրիվ անպիտան․ սննդի լաքաներից մինչև թանաքի հետքեր, ամեն ինչ մնում է։ Ստիպված՝ անընդհատ նորն ես առնում։
Սպիտակի պահանջը անտեսում է երեխաների կարիքները։ Հատկապես փոքրերը չեն կարող այնպես անել, որ ոչ լաքա լինի, ոչ ցեխ, ոչ գրիչի հետքեր։ Մի կողմից՝ սպիտակ են հագցնում, մյուս կողմից՝ արգելում վազել կամ խաղալ, որովհետև սպիտակ է հագած։ Պետք է դա ամեն օր լվաս, շատ ունենաս, որ ցուրտ եղանակին չորանալու խնդիր չլինի։ Մի խոսքով՝ ծայրահեղ ոչ պրակտիկ լուծում է դա։
Ես դասղեկներին ասում եմ՝ եթե իրենք միշտ սպիտակ վերնաշապիկ ու սև շրջազգեստ հագնեին, կհասկանային ծնողների դժգոհությունը։
Կարևոր է, որ նոր նախարարությունը սպիտակ֊սև դրեսս֊կոդի պահանջը անցյալ տարի հանեց։ Երբ պետությունը նման պահանջ է դնում, պարտավոր է առնվազն անվճար այն տրամադրել։
Epress.am-ի երրորդ զրուցակիցը միայնակ մայր է, ունի երկու դուստր, որոնցից մեկը դպրոցական է։ Կինը «Փարոս»-ի նպաստառու է։ 10 տարեկան աղջկանն ուսումնական տարվան նախապատրաստելը դեռ չի ավարտվել, սակայն ծախսերն արդեն իսկ բարդացնում են ընտանեկան բյուջեի պլանավորումը։
Բյուջեն էլ կազմվում է 30 հազար դրամի չհասնող նպաստից։ Հաշվի առնելով նպաստն ստանալու նախապայմաններն, օրինակ, որևէ եկամտի աղբյուրի բացակայությունը, ծախսերը պլանավորելու մասին հարցն է՛լ ավելի տարօրինակ է դառնում։
Շրջազգեստն ու վերնաշապիկը՝ 5-6 հազար դրամից սկսած, այսինքն, արդեն մոտ 12 հազար է հարկավոր՝ չհաշված փոխնորդ շորերը։ Թանկ կոշիկ երբեք չի գնում, ասում է՝ բացի հնարավորության բացակայությունից, նաև անիմաստ է՝ շուտ է մաշում։ Եվս 7 հազար դրամ։
Դասագրքերի համար ստիպված կլիներ մինչև 7 հազար դրամ վճարել, սակայն «Փարոս»-ի հաշվին 50 տոկոս զեղչ է գործում։ Գրենական պիտույքների հետ կապված նվազագույն ծախսերը՝ ուսապարկ, գրչատուփ, մատիտներ, ֆլոմաստեր, գրիչներ և այլն, կարող են հասնել 20 հազարի, այդ իսկ պատճառով ծնողը նախընտրում է մաս֊մաս անել գնումները և դրանք սկսել ուսումնական տարվա սկզբից մեկ֊երկու ամիս առաջ։