հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մատյանի փոփոխված էջեր և աշխատավարձից պահումներ երևանյան դպրոցում

Մատյանի փոփոխված էջեր և աշխատավարձից պահումներ երևանյան դպրոցում

Երևանի թիվ 168 դպրոցի աշխատակիցներն, անանուն մնալու պայմանով, դիմել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը և հայտնել հաստատությունում տեղի ունեցող չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն արդեն իսկ դիմել է Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ներկայացնելով կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից ավելի վաղ բարձրաձայնած տվյալները։

ԻՔՄ փաստերի ստուգման թիմը փորձեց տեղում ճշտել ստացված տեղեկությունը։ Իոաննիսյանը մանրամասներ է ներկայացրել «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում։

«Պարզվեց, որ, այո, համապատասխանում է։ Մասնավորապես, որոշ աշխատողների աշխատավարձերից ատկատներ են վերցվում, այսինքն, չգրված պայմանավորվածության համաձայն, աշխատավարձի որոշակի մասը, ըստ որոշ տվյալների, մեկ քարրորդը, հիմնականում դա վերաբերում է ոչ ուսուցիչ աշխատողներին»։ Դպրոցի աշխատակիցները, սակայն, վախենում են հայտնել այդ մասին տեսախցիկների առջև։

Իոաննիսյանի խոսքով՝ մոտ 55 հազար դրամից պահվում է 15 հազարը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է հնարավոր ապացուցել այդ փաստը, նա ասել է․ «Մենք ունենք վկայություններ, որոնք գալիս են հիմնավորելու, որ նման երևույթ տեղի է ունեցել։ Ես ենթադրում եմ, որ եթե մեզ ասել են, ապա նախաքննություն իրականացնող մարմնին էլ կասեն»։

Կազմակերպության տվյալներով, դպրոցում կան գրանցված աշխատողներ, որոնք, սակայն, փաստացի չեն աշխատում։

«Եվ ամենաօրիգինալ բանը, որ մենք տեսանք, մատյանների կեղծումն է։ Մենք ունենք տեղեկություն, որ կոնկրետ մի դասարանի մի տարվա մատյանում կան փոխված էջեր։ Մենք խնդրեցինք մեզ տրամադրել այդ մատյանը, տեսանք, որ իրոք էջերը փոխված են, երևում էր, որ այդ էջերը սոսնձված են։ Ընդ որում, խոսքը երեք առարկաների մասին է՝ քիմիա, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն։ Այդ առարկաների թե՛ հիմնական էջերն են բացակայում, թե՛ կիսամյակային գնահատականների էջերն են փոխված», – պատմել է իրավապաշտպանը։ Բացատրությունն այն մասին, որ էջերը փոփոխելու պատճառ է դարձել դրանց մաշվածությունը, Իոաննիսյանը լուրջ չի համարում։ Խոսքը 8-րդ դասարանի մասին է, իսկ հիմնական դպրոցն ավարտվում է 9-րդ դասարանով։ Փորձելով բացատրել սխեման, Իոաննիսյանը ենթադրել է․ «Ես չեմ կարող պնդել այդ երևույթը, բայց հաճախ, երբ 9-րդ դասարանն ավարտվում է, շատ ծնողներ գնում և կաշառք են առաջարկում տնօրենին կամ չգիտեմ՝ ում, խնդրելով, որպեսզի երեխաներն ստանան հիմնական դպրոցի գերազանցության ատեստատ։ Բայց գերազանցության ատեստատի համար պետք է, որ նաև 8-րդ դասարանում որոշ գնահատականներ լինեն։ Ապացույցներ մենք չունենք, որ կաշառք է եղել, մենք ունենք հիմնավոր փաստեր, որ մատյանում էջերը փոխված են»։