Վերջին զանգին ընդառաջ Armdaily.am-ը ահազանգեր է ստանում ծնողներից։ Եվ եթե նախկին տարիներին ահազանգերը կապված էին լինում դրամահավաքության դեպքերի հետ, ապա այժմ գործ ունենք դրանց բացակայության հետևանքների հետ։
Խմբագրություն դիմած ծնողները պատմում են, որ մայիսի 22-ին Ալ. Բլոկի անվան 122-րդ հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը մտել էր 9-րդ դասարան և սկսել սպառնալ աշակերտներին․ «Հայոց լեզվից կենտրոնացված քննությունը հանձնելու եք 155 դպրոցում, այդ ես եմ այդպես արել, որ ձեր քննությունները ուրիշ դպրոցում հանձնեք։ Ես վստահ եմ, որ դուք չեք հանձնելու քննությունը, վերաքննության եք մնալու, իսկ եթե երկու վերաքննության մնաք, մնալու եք նույն դասարանում»։
«Ինչ խոսք, շատ լավ ոգևորել է մեր երեխաներին քննությունից ընդամենը օրեր առաջ, իսկական դպրոցի տնօրենին վայել պահվածք։ Ուղղակի ամոթ է, որ նրա դասարանից դուրս գալուց հետո աշակերտները շրջվել, իրար ասել են՝ էս փող է ուզում»։ Ծնողներից մեկը պատմել է նաև, որ տվյալ դպրոցում տարիներ ի վեր ավանդույթ է եղել աստղաբաշխական գումարներ նվիրելը տնօրենին, իսկ քանի որ հեղափոխությունից հետո դրամահավաքությունը վերացել է, տիկինը չի կարողանում հաշտվել նոր իրականության հետ։
Կայքը նշում է, որ զայրացած ծնողները պատրաստվում են դիմել Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ թեժ գծերին, անհրաժեշտության դեպքում կարող են անգամ ձայնագրություններ տրամադրել։
«Ֆեյսբուք» սոցցանցում տվյալ նյութը տարածած օգտատերերից մեկը, որը ևս այս դպրոցի շրջանավարտ է, իրավիճակն այսպես է մեկնաբանում․ «Դեռ իմ սովորելու տարիներից — ես կասեի՝ Նոյի թվից — էս մարդը նույն պատմությունն ա սարքում։ Ասա՝ այ կնիկ, էդքան անկուշտ մարդ ո՞նց կարա լինի։ Լավ, էդքանից հետո գոնե մի կոպեկ ծախսի դպրոցի վրա։ Մինչև էսօր պատուհանները փոխված չեն, պառկետը [մանրահատակ], երևի, 90-ականներից մինչև էսօր պոկռտած ա։ Դե, զուգարանի հոտի մասին խոսք չկա»։