Վիճակագրական կոմիտեի` «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը» տարեկան հրապարակումները ներկայացնում են տարբեր ուսումնական տարիներին հանրակրթական հաստատություններում դասավանդող ուսուցիչների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունը, որոնք ներկայացված են աղյուսակում:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ավելի շատ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատել (2784), քան հայոց լեզվի եւ գրականության (2765):
Այս տեմպերով կրճատվելու դեպքում մի քանի տարի հետո Հայաստանի կրթական հաստատություններն ավելի շատ անգլերենի ուսուցիչ կունենան, քան հայոց լեզվի եւ գրականության, քանի որ եթե վերջին երեք տարում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների թիվը կրճատվել է մոտավորապես 60 տոկոսով, ապա անգլերենի ուսուցիչների թիվը կրճատվել է ընդամենը 10 տոկոսով:
Եթե հաշվի առնենք, որ քաղաքային բնակավայրերում գործող դպրոցներում աշխատում է մի քանի ֆիզիկայի եւ քիմիայի ուսուցիչ, ապա պարզ է դառնում, որ 1105 ֆիզիկայի եւ 923 քիմիայի ուսուցչի առկայության պայմաններում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ուղղակի չունեն ֆիզիկայի եւ քիմիայի ուսուցիչ:
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության գերակայությունների թվում է, 2018-2019 ուստարում ՀՀ 1409 դպրոցներում աշխատել է ինֆորմատիկայի 482 ուսուցիչ: ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարում է, որ 575 դպրոցներում գործում են «Արմաթ» լաբորատորիաներ, իսկ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում դրանք առկա են բոլոր դպրոցներում: Ավելի թարմ տվյալների չեմ տիրապետում, սակայն 2018թ. կատարած իմ ուսումնասիրության ժամանակ պարզել էի, որ Տավուշի մարզի 81 դպրոցներից 35-ում ինֆորմատիկայի ուսուցիչ չկար:
Ինչքանո՞վ է արդյունավետ «Արմաթ» լաբորատորիաների տրամադրումը դպրոցներին, եթե վերջիններս նույնիսկ ինֆորմատիկա եւ տեխնոլոգիա առարկաների ուսուցիչ չունեն:
Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ գծագրություն առարկան գրեթե վերացել է: Լավ կլիներ, եթե դրա փոխարեն աշակերտները գծագրություն սովորեն համակարգչի միջոցով: Բայց որեւէ մեկը հավատու՞մ է, որ այդպես արվում է: Իսկ առանց գծագրության ինժեներական կադրեր, նոր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, շինարարություն եւ բազմաթիվ այլ ոլորտներ զարգացնել ուղղակի անհնար կլինի:
Վիճակագրական կոմիտեի տվյալները ներկայացնում են միայն մի քանի քանակական ցուցանիշներ, սակայն դրանք հուշում են, որ իրավիճակը արագ արձագանք եւ արմատական փոփոխություններ է պահանջում: Մշտապես լսում ենք կրթության որակի հետ կապված խնդիրների մասին: Ակնհայտորեն չի կարող լինել բարձ որակ առանց որակյալ ուսուցչի:
Ի՞նչ է ՀՀ ԿԳՄՍՆ-ն անում իրավիճակը շտկելու համար:
Արտակ Քյուրումյան
աղբյուրը՝ Ասպարեզ