Home / Կրթություն / Կրթության մասին օրինագծի շուրջ քննարկումներ են սպասվում

Կրթության մասին օրինագծի շուրջ քննարկումներ են սպասվում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Շուտով հայտնի կլինի նաև հանդիպումների օրակարգը։

Նախարարության ներկայացրած նախագծով, լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի գիտական խորհուրդ իրավասու է ինքնուրույն որոշել՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր կամ հայեցողական առարկաների ցանկ։ Այս կապակցությամբ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են իրականցնում՝ «հանուն մայրենի լեզվի պաշտպանության»։ Որոշ ժամանակ անց ուսանողների պահանջը փոխվում է․ «երկրում սկսված մշակութային աղետը կանգնացնելու համար» նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների հետ է Դաշնակցություն կուսակցությունը, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող ակտիվիստները, որոնք հակաստամբուլյան ստորագրահավաքից բացի, աչքի էին ընկել նաև «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի և «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման վրա հարձակումներով։