հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Պետք է ապահովենք մեր երեխաների սեռական գրագիտությունը. Փաշինյան

Պետք է ապահովենք մեր երեխաների սեռական գրագիտությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ ստեղծված վիճակին։

«Անալիտիկ» լրատվական կայքի լրագրողը Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց է տվել, թե ինչ վերաբերմունք ունի վարչապետը «Իմ մարմինն անձնական է» գրքին։ Վարչապետը բարձր է գնահատել գիրքը և նշել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է սեռական կրթության  բնագավառում գրագիտություն ունենան։

«Էդ աղմուկը երբ եղավ, ես ուզեցի տեսնել՝ էդ ինչ է, և ես այսօր առավոտյան հասցրել եմ նայել։ Ես մասնագետ չեմ այդ ոլորտում, բայց որպես քաղաքացի ասեմ հետևյալը. հիմա թվերն անգիր չեմ հիշում, բայց կարծեմ 2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել, և այդ դեպքերը ենթադրաբար տեղի են ունենում այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում թե իրենց հետ ինչ է տեղի ունենում։

Ես էդ գիրքը վերցրի, կարդացի, իրոք ուզում էի հասկանալ՝ ինչ-որ սարսափելի բան կա՞, թե չէ։ Այնտեղ երեխային բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր կան, որ երբ մայրիկս, հայրիկս, եղբայրս համբուրում են, դա նորմալ է, բայց որ օտար քեռիներ համբուրում են, դա նորմալ չէ։ Ես իմ անձնական երեխայի օրինակը բերեմ, երբ օտար մարդիկ նրան համբուրում են, նա նեղվում է, ես դա զգում եմ։ Եթե քեռու ընկերը, ընկերոջ ընկերը համբուրում են, դա նորմա՞լ է, թե նորմալ չէ։

Եվ այս մանկապղծության դեպքերը տեղի են ունենում այդ պատճառով, երբ երեխային ներքաշում են, երեխան ինտուիտիվ ինչ-որ բան հասկանում է, բայց երեխան չգիտի՝ դա նորմա՞լ է, թե նորմալ է։ Երեխային ասում է՝ այդ իրավիճակում, կարող ես ասել, որ, ո՛չ, չի կարելի դիպչել այդ մասերին։

Ես տեսա, որ մեղադրանք կա այլասերվածության մեջ, ժողովո՛ւրդ ջան, մեր երեխեքը մեծանում են և հասուն կյանք են մտնում, մեր երեխաները որտե՞ղից են իմանում այդ մասին. փողոցների՞ց, իրարից լսելո՞վ, թաքո՞ւն, ինտերնետում ֆիլմեր նայելո՞վ, պոռնո կայքերից օգտվելո՞վ, մեզ սա չի՞ մտահոգում։ Այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ Եթե այլասերվածություն է, եկեք արմատախիլ անենք, բայց հասկանանք՝ ինչ է…

Տարեկան 71 մանկապղծության դեպքի ենք հանդիպում…

Հայաստանում կա կուլտուրա, որ թոթովախոս երեխեքին հայհոյանքներ են սովորացնում, հյուրը գալիս է, ասում են՝ մի հատ հայհոյի, ասում է՝ քո սենցն ու նենցը, ու ծիծաղում են։ Ոչ մեկը չի ասում՝ էս երեխեքին այլասերո՞ւմ եք, ուրախանում են, կենաց են խմում։ Երեխային, որ բացատրում ես՝ հարաբերությունների ինչ դիստանցիաներ կարող են լինել, որ ինքը ունի որոշակի անհատական դիստանցիա, որը նույնքան անձեռնամխելի է, որքան հասուն մարդկանց տարիքում, ասում են՝ այլասերվածություն է։

Պետք է ապահովենք մեր երեխաների սեռական գրագիտությունը։ Մեր երեխեքը, որ ամուսնանում են որտեղի՞ց են իմանում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենալու։ Ամենայն լրջությամբ եմ հարցնում։ Փողոցի՞ց են իմանում, բիսետկեքի խոսակցությունի՞ց, ծնողներին ականջ դնելու՞ց, որտեղի՞ց ենք իմանում մեր հասուն կյանքի մասին ինֆորմացիան, քանի՞ տոկոսն է Հայաստանի քաղաքացիների այս առումով գրագետ, ոչ միայն երեխաների, այլ նաև հասուն քաղաքացիների, և սա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր սոցիալական և տնտեսական կյանքի վրա, թե մենք ուզո՞ւմ ենք Հայաստանը պահենք վաղ միջնադարում։

Գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է ամուսնական առաջին գիշերվա սեռական գրագիտության պակասից։ Բա դա ավանդական ընտանիքի խնդի՞ր չէ։

Հիմա կասեն երկրի վարչապետը պարապ է, սենց բաներից է խոսում. չէ՛, եկեք չխոսենք տնտեսական ճգնաժամի մասին, որ չլինի տնտեսական ճգնաժամ, եկեք չխոսենք ժողովրդագրական ճգնաժամի մասին, որ չլինի դրանից, եկեք ոչ մի բանից չխոսենք։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է գրագետ լինի։ Խոսքը մենակ երեխեքի մասին չէ, այլ նաև բնակչության մյուս մասին մասին նաև։

Եվ դրան պետք չէ վերաբերվել որպես «հա-հա, հի-հի» թեմա, կամ թե չէ Սորոսը, Պողոսը, Պետրոսը…

Սորոսի մասին խոսողներն առավել ևս չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում», -ասել է Փաշինյանը։

Լրագրողը ոչինչ չի պատասխանել և շնորհակալություն է հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Բուկինիստ» գրախանութում տեղի էր ունեցել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը։ Դրա ընթացքում մի խումբ մարդիկ մուտք էին գործել գրախանութ և ձվեր նետել կազմակերպիչների վրա։ Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում նրանք և նրանց աջակիցներն ատելության կոչեր են տարածել գրքի հեղինակների հասցեին։ Միջադեպից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը։