Home / Կրթություն / Դաշնակները և ազգի մյուս «փրկիչները» միավորվեցին հրաժարականի շուրջ

Դաշնակները և ազգի մյուս «փրկիչները» միավորվեցին հրաժարականի շուրջ

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները, ովքեր նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հետ կանգնել հայոց լեզու, գրականություն ու պատմություն առարկաները ընտրովի դարձնելու առաջարկից, այսօր՝ Դաշնակցություն կուսակցության անդամների հետ միասին քայլերթ իրականացրեցին Երևանի կենտրոնում՝ պահանջելով արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Քայլերթը մեկնարկեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքից և ավարտվեց ԿԳՄՍ նախարարության մոտ, որտեղ նոյեմբերի 7-ից նստացույց են իրականացնում Դաշնակցության երիտթևի անդամները։ Նախարարության մոտ էին նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող ակտիվիստները, որոնք հակաստամբուլյան ստորագրահավաքից բացի, աչքի էին ընկել նաև «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի և «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման վրա հարձակումներով։

Քայլերթի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրուցում ցույցի կազմակերպիչներից մեկը՝ 4-րդ կուրսի ուսանող, «Ազգ» օրաթերթի լրագրող Գևորգ Գյուլումյանը հայտարարեց, որ դասադուլի, քայլերթի ու հետագա գործողությունների հիմնական պահանջը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։ «Մենք ամենասկզբից ասել ենք՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է գործի ըստ էության, կամ պետք է գնա տուն։ ․․․Չեմ կարծում, որ ինքը կարող է գործել ըստ էության, որովհետև ի վիճակի չէ։ Ուստի՝ պետք է գնա տուն»։

Լրագրողի հարցին՝ եթե նախարարությունը վերանայի առաջարկվող օրենքի նախագիծը և, ընդառաջելով ուսանողներին, կրկին պարտադիր դարձնի հայոց լեզուն և պատմությունը, արդյո՞ք նրանք կդադարեն պահանջել նախարարի հրաժարականը, Գյուլումյանը պատասխանեց՝ «ոչ»։

«Մեր պահանջները վաղուց արդեն դուրս են եկել այդ տիրույթից, այսինքն՝ մենք այս պահին չենք պայքարում միայն լեզվի ժամերի համար։․․․ Եթե մշակութային դաշտում հիմա աղետ է, մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով, մենք չպիտի լռենք», – պարզաբանեց ուսանող լրագրողը՝ ընդգծելով, որ մշակութային աղետ ասելով նկատի ունի նաև նախարարության աջակցությամբ բեմադրված «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը և ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին նկարահանվող վավերագրական ֆիլմը։ Վերջինիս նա անվանեց «պաշտոնաթող հայուհի»։

Գևորգ Գյուլումյանը քայլերթի մեկնարկից առաջ կարճ ելույթ ունեցավ բակում հավաքված ուսանողների առջև, հայտարարեց քայլուղին և կոչ արեց չմիացածներին, ներառյալ՝ դասախոսներին, միանալ բողոքի ակցիային։ Գյուլումյանից բացի, ելույթ ունեցավ նաև Դաշնակցություն կուսակցության անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Գիտակցենք, թե ինչ քաղաքականություն է տարվում, ինչ քաղաքականություն է վարվում և դեպի ուր են ցանկանում մղել մեզ։ Մի քանի օր է՝ [բողոքի այս ցույցերը] նպատակադրված փորձում են [ներկայացնել որպես] կուսակցական կամ քաղաքական պայքար ինչ-որ նախարարի դեմ։ Ես ամենայն պատասխանատվությամբ վերջին անգամ ասում եմ․ չկա նման բան․․․ սա ուսանողական շարժում է, սա երիտասարդական շարժում է, սա շարժում է հանուն ազգային արժեքների պաշտպանության․․․», – ասաց դաշնակցական գործիչը։

Քայլերթը մեկնարկեց «ուսանող, միացի՛ր», «ուսանող, ոտքի՛» և շարունակվեց «Արայիկ, հեռացի՛ր» կարգախոսներով։ Գյուլումյանը բարձրախոսով հայտարարեց, որ ուսանողները «դասի չեն գնալու այնքան, մինչև Արայիկ Հարությունյանը չհեռանա»։ Մյուս բանախոսը ավելացրեց՝ «նախարարը ցանկանում է մեր մեջ սպանել մեր ազգայինը, սպանել մեր եկեղեցական կրոնը․․․ Մենք ասում ենք՝ Հայաստանում հայեր են, մշակույթը՝ հայկական։ Արայիկ՝ հեռացիր»։ Ցուցարարները վանկարկում էին «դեմ ենք համասեռամոլության քարոզին»։ Եվ պարբերաբար կրկնում չքաղաքականացնելու կոչերը։

Քայլերթի ավարտվեց ԿԳՄՍ նախարարության դիմաց, որտեղ ուսանողները միացան նոյեմբերի 7-ին մեկնարկած և ուիք-էնդին ընդհատված ՀՅԴ երիտթևի նստացույցին։ Դաշնակցական երիտասարդները, ովքեր նույնպես պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հայտարարեցին, որ շարունակելու են նստացույցը և անհնազանդության գործողությունները այնքան ժամանակ, մինչև նախարարը չհեռանա։ Նրանք նախարարության մոտ էին բերել վրաններ, վերմակներ, եռագույն դրոշներ (խաչով) և պաստառներ՝ «Լեզվիս, Կրոնիս, Պատվիս մի դիպչիր», «ինքնիշխան Հայաստան», «հրաժարական» գրություններով։

Նստացույցի մասնակիցներին՝ ուսանողներից բացի, միացել էին նաև հակախտրական «Ստամբուլյան կոնվենցիայի» դեմ ստորագրահավաք իրականացնողները, «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման և «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի վրա հարձակված տղամարդիկ։

Ավելի ուշ ցուցարարների շարքերը համալրեցին նաև «աԴեկվատ» միաբանության անդամներ blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը։