Սևանի հոգեբուժարանում բուժառուներին կապում են դժվար արձակվող սավաններով կամ բրդյա զուգագուլպաներով։ «Ֆիզիկական զսպումը» հաճախ կատարվում է մյուս բուժառուների ներկայությամբ, երբեմն՝ մասնակցությամբ։ Այս իրավախատումների մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն կատարած ստուգայցի արդյունքներում։
ՄԻՊ-ը նաև դատապարտում է հոգեկան խնդիրներով բուժառուներին՝ որպես թերապիա կենտրոնի մաքրության, ջերմոցի, սննդի տեղափոխման աշխատանքներում ներգրավելու դեպքերը, ինչը արվում է առանց ժամանակային սահմանափակման և մասնագիտական հսկողության։ Ստուգումները նաև բացահայտել են, որ հեռախոս բոլոր պացիենտներին հասանելի չէ, և նրանք փաստացի չեն կարող գանգատվել հարազատներին կամ իրավապահ մարմիններին։
«Բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, որոշ հիվանդասենյակների պայմանները եղել են անբավարար։ Հրատապ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու հենց բաժանմունքներում բուժառուների լոգանքը մշտապես կազմակերպելու ուղղությամբ և ձեռնպահ մնալու եղանակային ցուրտ պայմանների ընթացքում մասնաշենքից դուրս՝ բաղնիքում այն կազմակերպելուց», – ասված է հաղորդագրությունում։
Արձանագրվել են նաև անձնական հիգիենայի պարագաների, սննդի անվտանգության և այլ կանոնների խախտումներ։