ՄԻՊ աշխատակիցների Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն չհայտարարված նախորդ՝ 2021-ի հուլիսի այցից հետո պարզվել էր, որ հաստատության պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը։ 2023-ի նոյեմբերին մանկատանը, չնայաց «դրական փոփոխությունների», Պաշտպանն արդիական է համարում մի շարք համակարգային խնդիրներ:
Մասնավորապես՝
• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չեն բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, որոշ սենյակներ հասնելու համար Հաստատության սաները ստիպված են լինում անցնել այլ խմբի համար հատկացված ննջասենյակների միջով, հանգստի սենյակները որոշ դեպքերում առանձնացված չեն ննջասենյակներից։
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, լոգախցիկները, սանհանգույցները իրարից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը: Սանհանգույցների պատուհանները հիմնականում չունեին վարագույրներ։ Ննջասենյակներից մեկում ևս արձանագրվել է շերտավարագույրի անսարքության դեպք։
• Որպես մեկուսարան առանձնացված սենյակը չէր բավարարում մեկուսարանային բաժանմունքի պահանջներին։
• Այցի պահին շենքային պայմանները մասամբ էին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Օրինակ՝ սանհանգույցները մատչելի չէին:
• Հաստատությունում շարունակում էին խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը հակասում է ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությանը, այնպես էլ Հաստատության կանոնադրությանը։
• Առկա էր աշխատողների ռեսուրսների պակաս: Աշխատողների թիվը Հաստատությունում խնամք ստացող երեխաների թվի համեմատությամբ բավարար չէր, որը ավելի տեսանելի էր պալիատիվ բուժօգնության և խնամքի տրամադրման գործընթացում: Թերի իրավակարգավորումների հետևանքով 14 երեխայի խնամքը ժամը 18:00-ից հետո իրականացնում է մեկ դայակ, ինչը առաջացնում է երեխաների սննդի տրամադրման և անձնական հիգիենայի ապահովման հետ կապված խնդիրներ:
• Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը:
• Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում:
• Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, Հաստատության տնօրինության և ոլորտային մասնագետների դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկը սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչների և ծրագրերի բացակայությունն է:
• Չնայած երեխաների հետ աշխատողների կողմից կոնկրետ մեթոդաբանությամբ իրականացվող աշխատանքներին՝ արդիական է մնում պետության կողմից այդպիսի աշխատանքների կազմակերպման հարցում ուղեցույցների, աջակցող նյութերի և մասնագիտական ձեռնարկների մշակման ու ներդրման հարցը, մասնավորապես նշված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դեկտեմբերի 7-ին տարածած հաղորդագրությունում։