«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ:
Նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 հաստիքային միավոր և 123 մլն 312 հազար 800 դրամ ավելի աշխատավարձի ֆոնդ:
Բացի դրանից՝ կազմակերպությունը ԱՁ-ի հետ կնքել է ախտահանման ծառայություններ կատարելու պայմանագիր՝ վճարելով 6 մլն դրամ, այն դեպքում, երբ ախտահանման աշխատանքների պարբերականությունը հիմնականում չի համապատասխանել պայմանագրի ժամանակացույցին, Մանկատունն ունեցել է ախտահանողի հաստիք, համապատասխան նյութեր, իսկ «Արաբկիր» ԲԿ-ից ստացել է ախտահանման սարք:
Պարզվել է նաև, որ Մանկատանը հաշվառված ավտոմեքենայի վարորդը վեց ամիս եղել է հարկադիր պարապուրդում, սակայն նրա անվամբ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել, և յուրացվել է 411.700 դրամ արժողության 1420 լիտր բենզին:
Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 21-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանը անցյալ տարի նույնպես խախտումներ էր արձանագրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ կապված սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանների հետ։
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը գործում է սոցապ նախարարության ենթակայությամբ։ 2013թ.-ից այն հատուկ խնամքի կարիք (ֆուկցիոնալ և ֆիզիկական խնդիրներ) ունեցող երեխաների մանկատուն է։ 2017թ․-ից տնօրենի պարտականությունները կատարում է Լիլիթ Հակոբյանը։ Վերջինս աչքի էր ընկել հատկապես երեխաների համար մանկատանը բացված բարեգործական ատամնաբուժարանը փակելու նախաձեռնությամբ։