Զինծառայողն ականապայթյունային վնասվածք է ստացել՝ հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել», – ասել է պաշտոնյան։
Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը՝ ռազմական գերատեսչությունից հրաժարվել են ասել։
Ուղիղ եթերի ժամանակ դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Տավուշի սահմանամերձ հատվածում առավոտից մայրուղի է փակում, ասել է, թե շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ դեպքը Կիրանցի հատվածում է եղել, վիրավորվել է ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողներից մեկը։
Սա ականի պայթյունից վիրավորման արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսում․ ապրիլի 4-ին Տավուշում պայմանագրային զինծառայող էր վիրավորվել, ՊՆ-ից այն ժամանակ հայտարարել էին, թե դեպքը «ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում» է եղել։
Ապրիլի 19-ին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները պայմանավորվածության են եկել՝ սկսել դելիմիտացիան Տավուշ-Ղազախ հատվածից․ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից, վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն՝ Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում), փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։
տե՛ս Եթե վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզը ճիշտ է
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից և հայտարարության հրապարակումից հետո Տավուշի սահմանամերձ գոտում բողոքի ցույցեր են սկսվել․ դրանց միացել է համակարգային ընդդիմությունը։ Հայաստան-Վրաստան ճանապարհը պարբերաբար արգելափակվում է՝ մեկ ցուցարարների, մեկ ոստիկանների կողմից։ Դելիմիտացվող հատվածում աշխատում են սակրավորները՝ ականազերծում, և գեոդեզիստները՝ կոորդինատների ճշտում։ Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին (երկու կողմերից) արդեն 20 սահմանային սյուն է տեղադրվել։
տե՛ս Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ