Եթե այսպես կոչված չորս գյուղերի շրջանում նախատեսվող միջանկյալ լուծմամբ քարտեզը, որը հրապարակվել է վարչապետի գրասենյակի կողմից, ճիշտ է, ապա պատկերը հետևյալն է (ես շատ եմ գրել այս մասին)։
Այս գոտում հայկական սահմանագծից այն կողմ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ մտնող չորս հատվածներն են.
1) Բաղանիս Այրում – Աշաղը Ասկիպարա գոտին՝ մոտ 1,185 կմ²․ այստեղ գտնվում էին երկու գյուղերը, որոնցից մեկը հայկական վերահսկողության տակ էր ամբողջությամբ, մյուսը՝ 30 տոկոսով։
2) Ոսկեպար գետից հարավ գտնվող գոտին, որով անցնում է Կիրանց-Ոսկեպար մայրուղին՝ 4,2 կմ² (420 հա)․ այստեղ գյուղեր չկան, այս գոտով անցնում էր ներկայիս մայրուղուց շատ ավելի ներքև և ավելի հարմար հին կարճ մայրուղին, որի համար էլ հայկական ուժերն այն գրավել էին 1992 թվականի մարտ֊ապրիլին։
3) Խեյրումլի գյուղի գոտին՝ 1,52 կմ² (152 հա)։
4) Կըզըլ Հաջիլի գյուցից հարավ ընկած գոտին՝ 1,735 կմ² (173 հա)։
a) Այս նույն գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում Հայկական ԽՍՀ տարածքի մի մեծ հատվածը՝ 7 կմ² ընդհանուր մակերեսով (700 հա, որից 650 հա-ն / 6,5 կմ²-ն՝ ցամաք, մնացածը՝ Ջողազի ջրամբարի ջրային մակերևույթը․ սահմանն անցնում էր գետի ողողամասով, որը ջրամբարի ջրերի տակ մնաց, ինչի պատճառով ես այն ևս հաշվում եմ և գումարում մակերեսին)։ Այս հատվածով է անցնում դեպի Մազամ և Կուչշու Այրում գյուղեր և դեպի այսպես կոչված «չորս գյուղերից» երեքը տանող ադրբեջանական մայրուղին։
Այս հատվածներում, եթե հետևենք հրապարակված քարտեզին, Հայաստանն իր դիրքերը հանում է միայն այնտեղից, որտեղ անմիջականորեն գյուղեր են տեղակայված. 1 և 3 հատվածներից դիրքերը դուրս են բերվում ամբողջությամբ (1,185+1,52 = 2,705 կմ²), չորրորդ հատվածից դուրս է բերվում հարավային դիրքը՝ շուրջ 30 հա․ (0,3 կմ²)։ Այսինքն՝ Հայաստանը զիջում է շուրջ 3 կմ² (300հա)։
1-ին գոտում ադրբեջանական կողմը առաջ է գալիս 300-800 մետրով։
Ամենամեծ հատվածը՝ 4,2 կմ² (b) և Կըզըլ Հաջիլիից հարավ հատվածը (c)՝ 1,4 կմ² (ընդհանուր՝ 5,62 կմ²) դեռևս մնում են հայկական կողմին։
Փաստացի այս թուլում տեղի է ունենում սառեցում՝ Ջողազի ջրամբարից (որը դեռ մնում է Ադրբեջանին) հյուսիս գտնվող հատվածի և հարավում առանց գյուղերի բոլոր հատվածների (b+c, որոնք դեռ մնում են Հայաստանին) ոչ ֆորմալ փոխանակման սկզբունքով։ Կարծում եմ, Ադրբեջանը հետաքրքրված չէ Ջողազից հյուսիս գտնվող հատվածը հայկական կողմին վերադարձնելով, իսկ հայկական կողմը շահագրգռված է պահել 2-րդ հատվածն ավելի, քան ստանալ Ջողազից հյուսիս իր հատվածը՝ խստապահորեն վերադառնալով հին սահմանին։
Կողմերի շահերն այս հարցում համընկնում են։
Կա տարածված թեզ, որ ադրբեջանական կողմը կարող է այդ տարածքներն օգտագործել Հայաստանի վրա հարձակումների և հաղորդակցությունների խզման համար։ Բայց հիմա էլ ադրբեջանական բանակի դիրքերը Բաղանիս-Ոսկեպար հատվածում այնքան մոտ են մայրուղուն, որ այն կարող է գնդակոծվել նույնիսկ ավտոմատներից ու գնդացիրներից՝ կաթվածահար անել երթևեկությունը
(ինչն արվել է, օրինակ, 2015֊ի նոյեմբերին, երբ հայկական կողմը չէր կարողանում դուրս բերել խոցված ռուսական համարանիշերով բեռնատարը)։ Ցանկացած հարաբերականորեն լուրջ հակամարտության դեպքում Տավուշի սահմանամերձ շրջանները միաժամանակ մի քանի հատվածներում (ոչ միայն այս, այլև դեպի հյուսիս և դեպի հարավ հատվածներում) կմնան իրարից և մնացած Հայատանից կտրված։
Եվ հետո՝ Ոսկեպար-Բաղանիս գոտում հայկական կողմը 2020 թվականի պատերազմի ժամանակ կահավորել է դիրքերի և պաշտպանություն երկրորդ գիծը, որը զուգահեռ է սահմանին և վեր է խոյանում դրա վրա (սահմանն անցնում է գետի հարթավայրային հունով, դիրքերը՝ աջից բարձրացող բլուրներով)։ Այս գծից այն կողմ հայկական զուգահեռ մայրուղին է։ Այսինքն՝ եթե 1-ին հատվածն անցնի Ադրբեջանին, հայկական կողմը ապահովագրագին կունենա այդ դիրքերի տեսքով, իսկ ադրբեջանական նոր դիրքերը կլինեն (եթե լինեն) հին և հայկական դիրքերից ներքև՝ խոցելի ինչպես ճակատից, այնպես էլ ֆլանգերից, որտեղ գերակայող բարձունքները հայկական կողմինն են։
2-րդ և ամենախոշոր հատվածը, որը 4,2 կմ² մակերեսով մնում է հայկական կողմին և որով անցնում է մայրուղին, հարավից՝ ֆլանգից տիրապետող է Ոսկեպարի հովտի նկատմամբ։ Եթե խոսենք դրա ռազմական արժեքից, այստեղ կա նաև անտառի հատված, որը հայկական կողմին հնարավորություն է տալիս թաքցնել իր պոտենցիալ տեղաշարժերը՝ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմին անցնող բոլոր դիրքերը զուրկ են անտառներից և ավելի ներքև են տեղակայված։
Խեյրումլի գյուղի հատվածը, որը անցնում է Ադրբեջանին, երեք կողմից շրջապատված է Հայաստանի տարածքով և, քանի որ սա լայն գոտի չէ, այն կարող է երկու կողմերից գնդագոծվել նաև հրաձգային զենքերից։ Խեյրումլի գյուղը գտնվում է բլուրների հետևում, որոնք տեսանելիորեն անջատում են այն Ադրբեջանի մնացած տարածքից։ Բացի այդ՝ նույնքան բաժանիչ դեր է խաղում նաև Ոսկեպար/ Ջողազ/ գետի ողողադաշտը։ Վիզուալ առումով գյուղը գտնվում է հովտափոսում՝ բոլոր կողմերից շրջապատված բարձունքներով, դրա պարագծի 3/4-ը հայկական բարձունքներ են։ Այստեղ ևս անտառներ չկան, մինչդեռ հարակից հայկական շրջանները մասնակիորեն անտառապատ են։
Դիմացը հայկական կողմի դիրքերն են, որոնք մնացել են դեռ 90-ականներից։
Կըզըլ Հաջիլի գյուղի հատվածը (գյուղն ինքնին մոտ 95 տոկոսով գտնվում է կամ Ադրբեջանի վերահսկողության ներքո, կամ չեզոք գոտում․ բնակիչները լքել են այն դիրքերին չափազանց մոտ գտնվելու պատճառով) նույնպես հայկական դիրքերի ներքնամասում է գտնվում։
Եթե մտածենք ռազմական առավելությունների մասին, ադրբեջանական կողմը երկարացնում է իր դիրքերը և չի ստանում որևէ ռազմավարական առավելություն։ Այս գոտին ամբողջությամբ և երեք կողմերից շրջապատված է Հայաստանով, Ադրբեջանի միակ ռազմավական առավելությունն այստեղ Օդունդաղ սարն է, որը այսպես թե այնպես իրենն է։
Հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում ևս հայկական կողմը առ այժմ պահպանում է շատ ավելի կարևոր մի շարք դիրքեր, որոնք տեղակայված են նախկին Ադրբեջանական ԽՍՀ վարչական տարածքում։ Ադրբեջանը դեռևս և մինչ այժմ ոչինչ չի ասել դրանց մասին։
Ադրբեջանական կողմը նաև դադարել է խոսել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Բացի այդ՝ եթե սկսել նրանից, որ Հայաստանի նկատմամաբ տարածքային նկրտումների օրակարգը առաջ է բերվել Արցախյան հարցը փակելու համար, որից հետո սահմանի շուրջ պայմանավորվածությունը հայկական կողմից ընկալվել է որպես ձեռքբերում, և որ բոլոր ռազմաքաղաքական քայլերը Վարդենիսից մինչև Գորիս 2021 թվականից սկսած ադրբեջանական կողմից ձեռնարկվել են Հայաստանը ԼՂ-ից կտրելու և ԼՂ-ի դեմ ռազմական օպերացիայի պարագայում նրա ներգրավումը պատերազմին անհնարին դարձնելու նպատակով, այդ նպատակին Ադրբեջանն արդեն հասել է։ Հայաստանի հետ հակամարտությունը շարունակելու՝ Ադրբեջանի մոտիվացիան սրանից հետո էապես նվազել է․ ռիսկերն ավելի մեծ են, քան ռազմական էսկալացիայի միջոցով ստացված ձեռբերումների գինը (պատժամիջոցների վտանգը ներառյալ)։
Այս ամենը ինձ հիմք է տալիս կարծելու, որոշակի զգուշավորությամբ, որ Ադրբեջանի նպատակը տվյալ հատվածում իրապես «չորս գյուղերն» են (անկախ նրանից՝ քանիսն են դրանք իրականում) և որ սա նրա համար կարևոր սիմվոլիկ հարց է՝ վերջին հիշեցումը 90-ականների պարտության մասին և այլն։
Հայկական սոցցանցերում և մամուլում այս հարցի շուրջ ռազմա-մարտավարական շարադրանքներն ու խաղերը ավելի շուտ դառը ափսոսանք են առաջացնում, թե ինչ մակարդակի վրա է «փրկության» հայկական անալիտիկան։
Սրան կարելի է հավելել 2023-ի սեպտեմբերից սկսած ապաէսկալացիան, որը, նույնիսկ Ներքին Հանդի խախտումներն ու ապրիլի սկզբի (Բրյուսելի գագաթնաժողովին նախորդած) սրացումները հաշվի առնելով, աննախադեպ էր հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ ընթացքում (համանման իրավիճակ էր նաև 2018-ին, երբ ակտիվացվեցին դիվանագիտական կապերը՝ հեղափոխությունից հետո և մինչև Մամեդյարովի հրաժարականը, երբ ադրբեջանական կողմը ակնհայտորեն նախապատվություն տվեց պատերազմի որոշմանը)։
Իհարկե, թող ես այն եզակի քաղաքագետը լինեմ, որ սխալվում է, իսկ մնացած բոլորը ճիշտ են և մտածում են ռազմավարորեն, բայց կրկին՝ եթե Հայաստանի վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզն ու տեղեկությունը (այս հատվածների սահմանագծման և սահմանապահների տեղակայման վերաբերյալ) ճիշտ է՝ սա ոչ այնքան մեծ, բայց սիմվոլիկ քայլ է դեպի առաջ, որի մանրամասները արտացոլում են նաև Ադրբեջանի կողմից ապաէսկալացմանն ուղղված որոշ քայլերը, որոնք Ադրբեջանի տեսանկյունից զիջում են համարվում։ Սրա իրական և ամենաբարձ գինը վճարվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի կորստով։
Սամվել Մելիքսեթյան
ռուսերեն բնագիրը՝ հեղինակի ֆեյսբուքյան էջում