Առավոտից Նոյեմբերյան քաղաքի հրապարակում հավաքվել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, քաղաքական գործիչներ և եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հայտարարված ծրագրին։ Հանդիպումը վարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը և հրավիրել բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ՝ քննարկելու հետագա անելիքները։
Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Մհեր Աղամյանը հայտարարել է, որ ազդակիր բնակավայրերի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում երեկվա փակ հանդիպումից, սահմանազատման այս նախագիծը համարում են միակողմանի զիջում։
«Նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար»,- հայտարարել է Նոյեմբերյանի համայնքապետարանը նաև ֆեյսբուքյան էջում։
Մինչ այդ ԱԱԾ-ն երեկվանից փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը՝ հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար։ Մի խումբ տեղացիներ էլ այստեղ են հավաքվել․ նրանք անհանգստացած են Բաղանիս Այրումի թմբին կանգնած ադրբեջանական զինուժի տեսարանով։ Այս առիթով ԱԱԾ-ն վստահեցրել է, որ սահմանի փոփոխություն այսօր չի նախատեսվում։
Սահմանազատման դեմ ակցիաները սկսվել են ուրբաթ գիշերվամից։ Կիրակի օրը դրանք ուղեկցվել են բախումներով։ Մասնավորապես, Հայաստան-Վրաստան մայրուղու Ոսկերպարի հատվածը փակած մարդկանց ցրել է փորձել Երկրապահ կամավորական միության (ղեկավարում է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը) տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էին, փորձել են ձեռքերով հետ հրել իրենց վրա եկող մեքենան՝ կոտրելով դիմապակին։ Քաշքշուկ է սկսվել, ԵԿՄ-ական ավտոմեքենայի վրայից անհայտ անձը ցատկել է ուղիղ ցուցարարների վրա։ Միջադեպից հետո ձերբակալվել են միայն «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնց թվում է նար պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։
«Զավեշտալի է, որ ոստիկանությունը ոչ միայն չկասեցրեց խաղաղ ցուցարարների վրա մեքենայի վարումը, այլև բերման չենթարկեց դրա վարորդին։ Փոխարենը` բաժին տարվեցին խաղաղ ցուցարարները», – գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննինյանը։ Իոաննսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Դատախազություն։
Բողոքի ցույցերը շարունակվել են։ Երեկ ցուցարարները փորձում էին արգելել տարածքի ականազատումը, այսօր մտահոգված էին նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագետները արդեն սկսել են կոորդինատների ճշտումը։ Վերջին օրերի ցույցերին մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, «ՀայաՔվե» նախաձեռնության ակտիվը, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, երգիչներ, ազգրագրագետներ և այլն․ սոցցանցերով պարբերաբար լայվեր են հեռարձակվում, հնչում են Երևանում և այլ բնակավայրերում հավաքվելու կոչեր։
Ուրբաթ օրը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնության են եկել սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն, Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում), փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք ժամանակին խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։
տե՛ս Եթե վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզը ճիշտ է