«սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր ներսում»
Մինչև 2020 թվականի պատերազմը Հայաստանում կոնսենսուս կար, որ պատմական և իրական Հայաստանները ոչ միայն կարող են գոյակցել, այլև ուժեղացնել մեկը մյուսին։ Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել կառավարող մեծամասնության և անձամբ ինձ համար: […] Բայց պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում։ 2022-ից քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև։ [․․․] Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն սահմանափակող գործոն է, որը նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս։ [․․․]
Բայց պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնարք և գիտելիք չենք ունենա և հետևաբար՝ միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։ Իսկ սա երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն։ Որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող։ Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի։ Նա կարիք ունի միայն հովանավորության։
Ուշադրություն դարձրեք, որ անկախությունից ի վեր մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության միջազգային սկզբունքի մասին։ Այսպես վարվել ենք, որովհետև, ինչպես վերը նկարագրեցի, դա անհրաժեշտ է եղել պատմական Հայաստանին։ Բայց և չենք նկատել, որ երբեմն մեր որոշ բարեկամների կողմից թաքուն և բացահայտ քաջալերվող այդ մոտեցումով իրական Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների խախտելիությունը անխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել։
Որպես Հայաստանի վարչապետ, ես ինձ պարտավոր եմ զգում արձանագրել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունը ապագայում։
Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում։ [․․․]
«մենք ենք, որ չենք ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը»
Իրական Հայաստանը ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, և միջազգային հանրության լիարժեք և հարգարժան անդամի ինքնագիտակցություն։ Սա որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ, որոշակի գործելակարգ է ենթադրում։ […] Հատկապես քո շահերից է բխում ընտրությունը՝ ապրել կանոններով, թե առանց կանոնների։
Եթե առա՛նց, ապա այդպես կարող են վարվել նաև քո՛ նկատմամբ։ Ինչ խոսք, քո նկատմամբ այդպես կարող են վարվել նաև այն պարագայում, երբ դու որդեգրել ես կանոնավոր պահվածը։ Բայց եթե առաջին դեպքում կանոն էլ չկա քեզ պաշտպանելու համար, երկրորդում դու ունես կանոնը որպես պաշտպանության գործիք։
Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այս տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ։ Միջազգային հանրությունը այն վաղուց է ճանաչել և ընդունել։ Որքան էլ զավեշտական հնչի, այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել և չենք գիտակցել այս փաստը, առնվազն՝ սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Մենք ինքներս պետք է ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Որքանո՞վ է իրական Հայաստանի հայեցակարգը երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Պիտի պնդեմ՝ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են։ […]
սահմանազատումը թող սկսվի Տավուշից
Սպառնալիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալինքերի և փաստարկների հիման վրա՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում։ […] Եվ հենց այս ելակետից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերներին։ Նաև սա՛ է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։
…Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի՛ երաշխավորում։ Բայց այս հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում։
Իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի՛ երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։
Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատման այս տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի՛ երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները։
Լեռնային Ղարաբաղի հայց գոյություն չուներ
…Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց՝ այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում:
Այս արձանագրումից խուսափելու՝ անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանին վզկապ՝ «պովոդոկ» հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։
Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն։ Կաշկանդումը տեղի էր ունեցել վաղուց՝ 1996-1998 թվականներին։ Մենք չգնացինք այդ ճանապարհով, և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ուժով։ Հարց ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Որովհետև, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել էր, և մնում էր լուծել Հայաստանի հարցը՝ երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջումների ճանապարհով։ Այս սցենարը գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմից ավարտին և դրանից հետո։ […]
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղավ 2021 թվականի մայիսի 12-ին՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ն լուծարված էր, կառավարությունը հրաժարական տված, երկրում արտահերթ ընտրություններ էին սպասվում։ Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք:
Այն ժամանակ կային ուժեր, որ մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության: Նրանց պատկերացմամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում։
Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից:
Եթե Կառավարությունը տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի ինքնիշխան տարածքների խորքում, ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձեւավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում: […] Բայց, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ժողովուրդն իր վստահության քվեն տվեց 2018-ի հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը:
և հայտվեց Պրահան
Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996 և 1998 թվականներին մեր վզին գցված վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը։
Այդ ժամանակ էր, որ Պրահայի քաղակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին չափազանց կարևոր որոշումներ, այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հնչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև դե յուրե գոյություն ունեցող, այսինքն ԽՍՀՄ օրենսդրությամբ և իրավական նշանակության ակտերով արձանագրած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։
Պրահայի հաջորդ կարևորագույն պայմանավորվածությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են երկու երկների միջև սահմանազատումն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է լինելու գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող սահմանագիծը։
Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահը վերջերս վերահաստատեց իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին: Սա կարող է երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք դառնալ, և մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով։ […]
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, մեկ էլ Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի․․․
Նաև այս իմաստով եմ կարևորում ապրիլի 5-ին Եվրամիություն-Միացյալ Նահանգներ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը։ […] Բուն հանդիպումը Բրյուսելի, որ օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական էր և քաղաքական, աննախադեպ էր թե ձևաչափով, թե նշանակությամբ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն և խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային։ […] ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել ընդլայնել Հայաստանի հետ [քաղաքական և տնտեսական] համագործակցությունը […] Ընդգծել են, որ մտադիր են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանի մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայությունը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարում են նաև, որ աջակցելու են Հայաստանում ռազմավարական ներդրումներին […] Պակաս կարևոր չեմ համարում նաև այն, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ողջունել և աջակցել են մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ […]
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցածը նշանավորեց հաաբերությունների նոր մակարդակ Հայաստանի և Միացյալ Նահանգների, Հայաստանի և Եվրամիության միջև։ Բայց այդ հանդիպումը նրա մասին չէ՛ր, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն գալու են և լուծեն մեր խնդիրներն ու պրոբլեմները։ […] Մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը մենք որևէ կերպ չենք հակադրում նաև մեր տարածաշրջանային հարաբերություններին։ Ընդհակառակը։ [․․․]
Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ։ Ընդ որում՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրե՛լ, չենք հակադրո՛ւմ և չենք հակադրելի՛ Իրանի հետ մեր հարաբերություններին, և Իրանի հետ մեր հարաբերությունները չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ մեր հարաբերություններին։ Այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների մեր ռազմավարական ընկալումներին ընդհանրապես։ […]
Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք սպասման մեջ ենք, և սպասում են ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում։ Ընդհանրապես՝ այս սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար, և պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ։ Շատ կարևոր է արձանագրել, որ հիմա ես խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այս երկու ձևակերպումները, ինչ խոսք, ունեն ընդհանրություններ, բայց դրանք նույնը չեն։ Մի նրբություն կամ, եթե անկեղծ լինենք, մի էական տարբերություն էլ կա, որը մենք հաճախ չենք նկատում։
Ամփոփելով տարածաշրջանացման թեման, ուզում եմ ցավով նշել, որ որոշ արտաքին դերակատարներ, սեփական քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներից ելնելով, փորձում են խեղաթյուրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասպարեզ բերելով տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու կեղծ խոսույթը։ Հայաստանը որդեգրել է բոլոր ուղղություններով իր արտաքին հարաբերությունների բազմազանեցման, դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի կարևոր բաղկացուցիչներից է ոչ միայն Ֆրանսիայի, Եվրամիության, ԵՄ անդամ բոլոր երկրների, ԱՄՆ-ի, բայց ամենևին ոչ միայն Արևմուտքի, այլ Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը, ինչը ոչ թե բաժանարար գծերի, այլ հնարավորինս շատ երկրների հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին է, որը մենք չենք հակադրել և չենք հակադրում մեր տարածաշրջանին և տարածաշրջանային հարաբերություններին։ […]
առաջարկներ Բաքվին
Մեր ինքնիշխանության և պետականության զարգացման գրավականը մեր հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է մեր հարևանների հետ ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի գիտակցման հիման վրա։ Մարտահրավերներից ամենաառանցքայինը Ադրբեջանի՝ շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որի […] անբաժանելի մասն են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների և պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին։ Ո՞րն է Ադրբեջանի կանխավարկածը։ Որ Հայաստանը սեփական երկիրը պաշտպանելուն ընդունակ բանակ պիտի չունենա՞։ Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է՛։ Մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել։ Եվ իրականությունն այն է, որ մենք չե՛նք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։
Եթե Ադրբեջանը այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք՝ ստեղծենք սպառազինությունների փոխադա՛րձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը, իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պաշտպանությունը հանձնարարել սահմանապահ զորքերին, իսկ ՊՆ ստորաբաժանումները ետ տանել դեպի մշտական տեղակայման վայրեր, ինչը նաև զորքերի հայելային հատքաշման հայեցակարգի պրագայում կարող է իրագործվել։ Այս բոլոր առաջարկությունները անարձագանք են մնում Ադրբեջա՛նի կողմից։ […]
Հայաստանում չի կարող լինել երկիշխանություն
2023 թվականի և մեր ողջ նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ 2022-ի դեկտեմբերից և ողջ 2023 թվականի ընթացքում տասնյակ ելույթներում եմ անդրադարձել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղի վերահաս հայաթափմանը։ Այսօր ուզում եմ տեղի ունեցածը դիտարկել այլ տեսանկյունից՝ արձանագրելով, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ մեր չափազանցված հույսերը մեզ բերում են աղետալի հետևանքների։
Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս գիտակցումը, որ իրենք՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել գործի 10, 20, լավ՝ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում խնդիրը, եթե այդ սուբյեկտը, իհարկե, ցանկանում է սուբյեկտ լինել։
Բայց պետք է նորից ընդգծեմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը՝ Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020 թվականի նոյեմբերին, 2021-ի փետրվարին և մայիսին, 2022-ի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր։ Եվ նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը և հաստատել մարիոնետային կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության լուծարային հանձնաժողով։ Այս անգամ էլ դա չստացվեց։ […]
Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի հերթական չիրագործման պատճառը այն է նաև, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ։ Վերջին տարիներին, ի դեպ, նրանց այս նպատակի համար էին պատրաստում, նույնիսկ մինչև վերջին վայրկյանը հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն փորձելով սերմանել Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ։ Բայց հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն։ Նույնը, ցավոք, չենք կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից։ Բայց այս թեմայով նոր ասելիք չունեմ։ Հայաստանում չի կարո՛ղ լինել երկրորդ Կառավարություն։ […]
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ոչ լավագույն ժամանակները
Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան մեր միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսության համար դժվար է գերագնահատել։
Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտականությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են։ Նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է մեր երկարատև հարաբերությունների մեջ։ […] Տեղի է ունենում պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։
Նիկոլ Փաշինյան
Հատվածներ ապրիլի 10-ի ելույթից