Home / Եկեղեցի / Նրանք պատերազմ են սադրում․ Հայաստանի ղեկավար

Նրանք պատերազմ են սադրում․ Հայաստանի ղեկավար

Նրանք ուզում են պատերազմ սադրել, ապահովել ոչ ընտրական մեթոդով իշխանափոխություն, հաջորդաբար ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանության հաստատում և Հայաստանի պետականության դե ֆակտո լուծարում դե յուրե լուծարումից առաջ՝ այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասուլիսը նախորդել է ընդդիմության ազդարարած հանրահավաքներին․ մայիսի 4-ին եկեղեցականների առաջնորդած շարժումը Տավուշի սահմանամերձ գոտուց շարժվել է դեպի Երևան՝ պայքարելու «միակողմանի» սահմանազատման դեմ։

Փաշինյանի հիմնական թեզերը՝ ստորև․

սահմանազատում

— Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը օրակարգային է, այն պետք է քննարկվի նաև Ալմա-Աթայում տեղի ունենալիք Հայաստան-Ադրբեջան պատվիրակությունների հանդիպման ընթացքում։ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք արդեն ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ու դա անշրջելի է։

— Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Ինչո՞ւ ենք մենք խուսափում ասել, թե կոնկրետ որ քարտեզի վրա։ Որովհետև չենք ուզում կոնկրետ քարտեզների թվարկմամբ սահմանափակվել։

— Ինչո՞ւ ենք գնացել այդ սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով։ Որովհետև համարում ենք, որ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա, ուստի իրավական երաշխիք են դառնում սահմանամերձ Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության համար։ Սահմանազատումն ինքնանպատակ չէ։ Նպատակն է՝ իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում։

— Այս փուլում մեր նպատակն է ո՛չ թե վերլուծություն անել՝ պատերազմ կլինի, թե՞ չի լինի, հարձակում կլինի, թե՞ չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի։

— Մենք այդտեղ միայն Կիրանցի, Ոսկեպարի խնդիրը չենք լուծում, մենք Հայաստանի խնդիրն ենք լուծում։ Այս գործընթացը ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը, պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից։

— [Տավուշ-Ղազախ հատվածում] այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասը՝ 90 տոկոսն արդեն արված է։

— Սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, երբ մենք անվտանգության երաշխիք ենք ստեղծում մեր ինքնիշխան որոշման շրջանակներում, մեր սեփական ձեռքերով։ Մենք ինքներս ենք առերեսվում իրավիճակին՝ ինչքան էլ դժվար լինի։ Ինքնիշխանությունը նաև սա է՝ առերեսվել քո առջև եղած խնդրի հետ և քո ինքնիշխան որոշումներով ապահովել լուծումները։

— 88-ի քարտեզների մասով՝ ասում են, որ Կառավարությունը ոչինչ չգիտի, այդ թղթերը ոչնչացրել է։ Ես իմ սեփական ձեռքերով այդ թղթերը շոշափել եմ, տեսել եմ, կարդացել եմ և ծանոթացել եմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ փաստաթղթի մեջ գրված է, թե ինչպես է այդ փաստաթուղթը մտնում ուժի մեջ։ Այդ փաթեթը չի հասցրել մտնել ուժի մեջ։

Ինչո՞ւ ենք սահմանազատումը սկսում Տավուշից․․․։ Հիմա կարող եք հարց տալ՝ ուրիշ տարածքից սկսելու դեպքում պատերազմը չէր դելեգիտիմանալո՞ւ։ Ո՛չ։ Մի պարզ պատճառով՝ այստեղ խոսք է գնում բնակավայրերի, բնակատեղիների մասին։ Սա շատ կարևոր նրբություն է։

2021-2022 թթ․ էսկալացիաները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել։ Ցավով պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք շատ դեպքերում բացատրվել են չորս ադրբեջանական գյուղերի գործոնով։ Այն իրավիճակում, որտեղ մենք, թվում է, պետք է լինեինք հայցվորի դերում, հայտնվել ենք պատասխանողի դերում։ Որովհետև հարց է հնչել՝ փոխադարձաբար ճանաչո՞ւմ եք տարածքային ամբողջականությունը։ Բա ի՞նչն է պրոբլեմը, որ գյուղերի հարցը չեք լուծում։

— Կիրանցի մասում պետք է ունենանք 12 սահմանային կետ, այս պահին տեղադրված են ութը։ Ունենք երեք կետ, որոնք առավել զգայուն են և այդ կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի, որովհետև այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և մենք պետք է սանտիմետրերը ճշգրիտ արտահայտենք։ Պրոբլեմը, որ բարձրաձայնում են Կիրանցի մեր սիրելի հայրենակիցները, ՀՀ Կառավարության պրոբլեմն է, անձամբ իմ պրոբլեմն է։ Մենք վստահ չենք, որ պրոբլեմը կլուծենք այնպես, որ իրենք բացարձակ գոհունակություն կարտահայտեն դրա վերաբերյալ։ Մենք կփորձենք խնդիրը լուծել այնպես, որ նրանք դա բավարար համարեն։

․․․Դուք ասում եք՝ [այնտեղ] լավ պաշտպանական գիծ է։ Երբ դուք խոսում եք պաշտպանական գծի մասին, դուք խոսում եք պատերազմի հավանականության մասին։ Մենք ուզում ենք խոսել պատերազմի անհավանականության մասին։ 

«Տավուշը հանուն հայրենիքի»

— Ինչ վերաբերում է հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․

Եկեք ենթադրենք, որ ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի լրագրողներ, հարգելի եպիսկոպոսներ, վեհափառ հայրապետ, վաղը առավոտից կամ հենց այսօր ցերեկը կասեցնում ենք գործընթացը։ Ի՞նչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Իսկ ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը։

․․․Այն ուժերը, որոնք պահանջում են դադարեցնել սահմանազատումը, արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Այդ քաղաքական փոփոխությունների արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու։ ․․․Ընդդիմության հայտնի դեմքերից մեկը եթերում նստած կասկածի տակ է առնում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը։ Սա նշանակում է, որ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանք ուզում են սադրել պատերազմ, ապահովել պատերազմի արդյունքում ոչ ընտրական մեթոդով իշխանափոխություն, հաջորդաբար ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանության հաստատում և Հայաստանի պետականության դե ֆակտո լուծարում դե յուրե լուծարումից առաջ։ 

Ովքեր են այս գծին սատարում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ կատարելու կոնկրետ հանձնարարություններ, ՀՀ նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են և ձայնագրությունը հրապարակել։ Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Այդ հրապարակման մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։

Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար։ Այդ ձայնագրության մեջ կարող էր խոսք լինել այն մասին, որ լինելով երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրեն և չունենալով որևէ թույլտվություն՝ նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։ Եվ հիմա այդ մարդիկ հայրենիքի մասին են մտածում։ Թո՛ղ Զանգեզուրի կոմբինատի ապօրինի ձեռքբերված տոկոսները վերադարձնեն Հայաստանի Հանրապետությանը։ Կհավատանք, որ մարդիկ ապաշխարում են։

— Ինչ վերաբերում է Տավուշից քայլերթով Երևան եկողների հանդեպ բիրտ ուժ կիրառելուն՝ որևէ մեկը պատրաստվում է ինչ-որ անօրինական բան անե՞լ, որ միանգամից բիրտ ուժի թեման է բերվում։ ․․․Քաղաքական պրոցեսների մեջ կա մի կարևոր բան, որը երբեք չպետք է սասանվի ու չի սասանվի՝ ժողովրդի ձայնի վճռականությունը երբեք որևէ տեղ չի կարող նսեմացվել։

— Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում։ Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը։

․․․Կարելի է շփվել, հաղորդակցություններ ունենալ հոգևորականների հետ տասնյակ անգամներ և ոչ մի անգամ չլսել ոչ մի բան աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ ցեմենտի, բետոնի, ապրանք տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողն այստեղ դնելու, այնտեղից հանելու, այս երթուղային գիծը մյուսով փոխարինելու, այս մի ավտոն մյուսով փոխարինելու մասին։ Ես զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում։ Իրենք հոգևոր դաշտում բան չունեն անելու, դա իրենցը չի։ 

Զանգեզուրի միջանցք

— Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ։ Այդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, նաև ընդգծված է երկրից երկիր հաղորդակցության ապահովման անհրաժեշտության մասին է։ Ադրբեջանն այսօր մեզ համար ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։ Մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետեր դնել, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Իրենք ասում են, եթե այդ ճանապարհները Հայաստանը չտա, իրենք Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով կկառուցեն։ Մենք ասում ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության պայմաններով մենք էլ ենք պատրաստ [ճանապարհ տրամադրել]։ Ինչո՞ւ։ Որովհետև եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը և իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում է։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հայտարարության 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքով։ Նման բան հայտարարության մեջ ընդհանրապես գոյություն չունի։ Հակառակը՝ գրված է, որ Հայաստանն է անվտանգության երաշխավորը։

ազատության, երջանկության և թշնամության կառավարում

— Մեր կառավարման առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է անվանել համազգային նպատակներ։ Այդ օրակարգի սպասարկման գործընթացը բացահայտել է հայեցակարգային և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո։ ․․․Դրանց գործնականում առնչվելու ընթացքում մեզ համար բացահայտվել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլև դրանց անհամատեղելիությունը անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների և պրակտիկայի հետ։

— Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է սա ունենանք ոչ միայն որպես ուղենիշ, նպատակ, այլև գործողությունների և գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ Հայաստանը վարում է և պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն։

— Մենք երբեմն ինքնիշխանություն ասելիս հասկանում ենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, բայց շատ կարևոր է ինքնիշխանությունը որպես հիմք վերցնել նաև ներքին հարաբերությունների համար։ Ներքին հարաբերությունները պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն, այսինքն՝ ժողովուրդը պետք է լինի այդ իրավահարաբերությունների հաստատման հեղինակը։

— ՀՀ տարածքը՝ 29 743 ք․ կմ․ է։ Երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, այն պետք է լինի շատ կոնկրետ, և երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե այդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում։

— Ո՞րն է ի վերջո Հայաստանի Հանրապետության գոյության նպատակը։ Հայաստանի գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապրող մարդկանց, բայց առանցքայինը՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումն է։ Հայաստանի գոյության իմաստը ո՛չ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ո՛չ թե համազգային օրակարգերի սպասարկումն է, այլ Հայաստանի քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։

— Մեր հաջորդ դրույթը վերաբերում է տարածաշրջանային միջավայրին և հնչում է հետևյալ կերպ՝ Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիության խորացում և զարգացում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում՝ նվազեցում և զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում և զարգացում։ ․․․Այս համատեքստում մենք հատուկ կարևորություն ենք տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև համարում ենք, որ թշնամության նվազեցումը և զրոյացումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են և դրանք օգտագործվում են գործարարության, հաղորդակցության նպատակների համար։

— Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցմամբ, բանակի բարեփոխմամբ, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրմամբ։ Մեր համոզմունքն է, որ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է։

— Տնտեսական զարգացումով է միայն, որ հնարավոր է ապահովել նախորդիվ նշված բոլոր թեզերի իրականացումն ու իրագործումը։

— Այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ է խաղաղություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարությունը որդեգրել է և հետևողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը։ ․․․Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։