Պետք է խուսափել իրադրությունը ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստին։
«Մենք պետք է որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ իմ ընկալմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում, առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», – հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը վերահաստատել է, որ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և ընդգծել․ «Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունը անհնար դարձնելու մեջ»:
Վարչապետը հիշեցրել է՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար:
«Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական երկխոսության ակնհայտ անհրաժեշտության քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը։ Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծման», – ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԽ-ն երեկ հայտարարություն էր ընդունել՝ նշելով, որ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ, իր հերթին, ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է»։