Արցախի բնակիչ Թորոս Ղազարյանը հունվարի 1-ին մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ։ Առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ. Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը։
Այսօր արդեն ադրբեջանական մամուլը, ապացուցելու համար, որ Լաչինի միջանցքը փակ չէ, տեսանյութեր է տարածել, թե ինչպես է Թ․ Ղազարյանը «Էկոակտիվիստների» մոտով անցնում արցախյան կողմ։
2023 թ. հունվարի 1-ին Արցախի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, ինչի կապակցությամբ նախաձեռնվել էին որոնողական աշխատանքներ, հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։
«Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ. Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը: Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ. Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տեսանյութեր էին շրջանառվում, թե ինչպես է «ռուս խաղաղապահների ժամանակավոր հսկողության տակ գտնվող տարածքից մի հայ մոտենում ադրբեջանական բանակի դիրքերից մեկին և օգնություն խնդրում», ինչպես է նա «էկոակտիվիստների մոտով անցնում Լաչինի միջանցքով»։ Այնինչ, ադրբեջանական կողմը մոլորված քաղաքացուն ընդամենը հետ էր վերադարձնում Արցախ։
Թ․ Ղազարյանն արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: