Լաչինի միջանցքը արդեն 20 օր է՝ չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հիշել է տնտեսության մասին՝ ընգծելով, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 73%: ՌԴ նախագահը, միևնույն ժամանակ, կարևորել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը։
«Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել: Իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Ավտանգության խորհրդի քարտուղարը երեկ, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, ակնարկել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 13-ի սրացումը նույնպես «փոխկապակցված է սրա հետ»՝ ասել էր Արմեն Գրիգորյանը։
Պաշտոնապես եռակողմ հանդիպում նախատեսված չէր, սակայն, Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում հանդիպել են երեկ։ Հանդիպման բովանդակության ու ձևաչափի մասին չի հաղորդվում։
Փաշինյանն, ի պատասխան, ընդգծել է, որ տվյալ պահին գլխավոր ու ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում:
«Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան», – ասել է ՀՀ վարչապետը:
Բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվել են դռնփակ ձևաչափով։ Հայաստանի վարչապետին ընդունելուց առաջ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել էր նաև Բելառուսի նախագահին։ Իլհամ Ալիևը այսօրվա հանդիպումներին չի մասնակցել, նա դեռ երեկ է վերադարձել Բաքու։
Մինչ Փաշինյանի ու Պուտինի առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից ի վեր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ շրջափակման մեջ է ապրում, հազարից ավելը մնացել ճանապարհին։ Մատակարարումները խափանված են, խաթարված է բուժհաստատությունների աշխատանքը։ Սննդամթերքի և վառելիքի դեֆիցիտի պատճառով Ստեփանակերտը անցել է խնայողական (կտրոնային) ռեժիմի։
Ղարաբաղում արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են։ Դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի հրապարակում հավաքված քաղաքացիները երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտ-Շուշի ճանապարհ։ Ցուցարարներից մի քանիսը, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, հասել էին ընդհուպ մինչև Զառինբաղ՝ ռուսական առաջին անցակետ։ Բանակցություններից հետո ակտիվիստները տեղեկացրել էին, որ ռուս խաղաղապահները խոստացել են, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում և ճանապարհը կբացվի։ Երեկ՝ հայաստանցի ցուցարարների հետ հանդիպմանը, խաղաղապահները խոսքերը հետ էին վերցրել։