Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր:
Մինչև բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները», – հայտարարել է Սանոսյանը:
Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին, իր հերթին, հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով:
Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ:
Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին հանդիպումից հետո հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Առանցքային հատվածները ստորև․
Էբրահիմ Ռայիսի․ — Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է:
Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար:
Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:
Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն:
Նիկոլ Փաշինյան․ — Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:
Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:
Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել:
Ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:
Ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: