Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահը՝ հիշատակելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանն ու Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։
Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում հայտարարել էր, որ «պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»։