Երեկ երեկոյան Թեհրանում կայացած գագաթնաժողովից հետո, որի հիմնական օրակարգը Սիրիայի իրավիճակի քննարկումն էր, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Ռեջեփ Էրդողանը, Վլադիմի Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին
— վճռականություն են հայտնել շարունակել «ահաբեկչության դեմ համատեղ պայքարը»,
— մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով տեղում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, այդ թվում՝ «ինքնավարության ապօրինի նախաձեռնությունները»,
— վճռականություն են հայտնել դիմակայել անջատողական ծրագրերին՝ ուղղած Սիրիայի ինքնավարության և տարածքային ամբողջականության խաթարմանը,
— դատապարտել են Սիրիայում Իսրայելի ռազմական հարձակումները՝ համարելով դրանք միջազգային իրավունքի խախտում,
— հանգամանորեն ուսումնասիրել են Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակը և ընդգծել տեղում հանգստության պահպանման անհրաժեշտությունը՝ Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների ամբողջական իրագործման միջոցով,
— Դատապարտել են միակողմանի սանկցիաները և կոչ արել ՄԱԿ-ին ու այլ շահագրգիռ կողմերին մեծացնել իրենց օգնությունը «առանց խտրականության, քաղաքականացման ու նախապայմանների»,
— վերահաստատել են համոզմունքը, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարող է կարգավորվել միայն քաղաքական գործընթացների միջոցով․․․
Ինչպես հայտնի է, Անկարան Սիրիայի հյուսիսարևելքում նոր ռազմական օպերացիա է նախատեսում ընդդեմ քրդական ուժերի․ քրդական կազմավորումները ներկայացվում են որպես «ահաբեկչական խմբավորումներ», իսկ ռազմական օպերացիան՝ որպես «ահաբեկչության դեմ պայքար»։ Մոսկվան նախօրոք հայտնել իր դիրքորոշումը՝ դեմ են «սիրիական կարգավորման բազային սկզբունքների խախտմանը»: Իրանի այաթոլլան էլ նախօրեին ընդգծել է․ «Ցանկացած ռազմական օպերացիա վնաս է հասցնելու Թուրքիային, Սիրիային և տարածաշրջանին՝ օգուտ բելերով միայն ահաբեկիչներին»։
Թուրքիան աջակցում է Սիրիայի հակառակավարական, Ռուսաստանը՝ կառավարական ուժերին․ քրդերին դեմ են բոլորը
Թուրքիայում Էրդողանի վարկանիշը լուրջ անկում է ապրել վերջին շրջանում․ ներքաղաքական իրավիճակը հատկապես սրվել է տնտեսական խնդիրների (լիրայի արժեզրկում, ինֆլյացիա) պատճառով։
«Այս ֆոնին Թուրքիայի նախագահի համար կարևոր է շեշտը դնել ռազմաքաղաքական գործողությունների վրա։ Թուրքիայի քաղաքացիների առնվազն 3/4-ը աջակցում են քրդերի դեմ օպերացիային։ Կա նաև միգրանտների խնդիր․ թուրքերի առնվազն 80%-ը պահանջում են հետ ուղարկել սիրիացի փախստականներին, որոնք արդեն հասնում են 3 միլիոն 600 հազարի։ Էրդողանն ասում է, որ դա է հենց իր օպերացիայի նպատակը․ հետ մղել քրդական ուժերին սահմաններից՝ ստեղծելով «անվտանգության գոտի», և վերաբնակեցնել այն շուրջ 1 միլիոն սիրիացի միգրանտներով», – մեկնաբանել է Թուրքիայի և Իրանի հարցերով փորձագետ, հրապարակախոս Մաքսիմ Պետրովը։
Սիրիայում բարդ իրավիճակ է: Թուրքիան աջակցում է հակակառավարական ուժերին, Ռուսաստանն ու Իրանը՝ կառավարությանը (ի դեմս նախագահ Բաշար ալ-Ասադի)։ Համարվում է, որ քրդական ուժերին օժանդակում է ԱՄՆ-ը։ Ասադը, ըստ ամենայնի, առավել լոյալ է քրդերի, քան հակակառավարական (պրոթուրքական) ուժերի նկատմամբ։
«Սիրիայի քրդական ջոկատները նրանց [Իրանի ու Ռուսաստանի] կողմից, իհարկե, դիտարկվում են որպես հակառակորդներ, ընդ որում՝ ամերիկացիների հետ համագործակցող։ Մյուս կողմից՝ Թուրքիային Սիրիայի հյուսիսում հսկայական սահմանային շրջան տալ նրանք չեն ցանկանում։ Հատկապես, որ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող զինյալներին և, եթե հաջողության հասնի, անկասկած նրանցով է լցնելու նաև նշված տարածքը։ Բացի այդ, Իրանի շիական ռեժիմին անհանգստացնում է շիական Զուխրա ու Նուբլ քաղաքների անվտանգությունը, որոնք գտնվում են ենթադրյալ «անվտանգության գոտու» կողքին», – «Ռադիո Սվոբոդայի» հետ զրույցում մեկնաբանել է Մաքսիմ Պետրովը։
Ըստ փորձագետի՝ Թեհրանի ու Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումները Սիրիայի հարցում շատ չեն տարբերվում․ երկուսն էլ նախապայմաններ ունեն, բայցև կարող են որոշակի համաձայնության գալ։
Չնայած Իրանը, ընդհանուր առմամբ, պնդում է սիրիական հարցը բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Իրանի արտգործնախարարը վերջերս Անկարայում հայտարարել էր․ «Մենք շատ լավ ենք հասկանում Թուրքիայի մտահոգությունները անվտանգության հարցերի շուրջ։ Մենք հասկանում ենք, որ գուցե հարկավոր լինի հատուկ օպերացիա։ Թուրքիայի անվտանգային խնդիրները պետք է լուծվեն ամբողջությամբ ու մշտական հիմունքով»։
«Կրեմլն, իր հերթին, չի ցանկանում հենց այնպես Թուրքիային հանձնել այդ շրջանը։ Դրա դիմաց նա կուզեր ստանալ Իդլիբի շրջանը կամ դրա ինչ-որ մի մասը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող M4 մայրուղին։ Այս պահին Իդլիբը վերահսկվում է Թուրքիայի և Ասադի հակառակորդներից ձևավորված պրոթուրքական զինված խմբավորումների կողմից։ Վերջին օրերին բախումները սրվել են այդ շրջանում։ Ռուսաստանը և Ասադի ռեժիմը հարվածներ են հասցնում Իդլիբի ուղղությամբ, զինյալները պատասխանում են։ Հավանաբար, սա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև դիրքային առևտրի մի մասն էր՝ Թեհրանի այս հանդիպմանն ընդառաջ», – պարզաբանում է Պետրովը։
Ի՞նչ է ենթադրում նախագահների եռակողմ հայտարարությունը և արդյո՞ք «Աստանայի ձևաչափի» շրջանակներում հաջողվել է որևէ համաձայնության գալ՝ պարզ չէ։ Ընդհանուր առմամբ՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնություններն այդքան էլ լավ չեն իրագործվում, պարբերաբար տապալվում են։
«Աստանայի ձևաչափը, Պուտինի և Էրդողանի ուղիղ բանակցությունները մինչ այժմ թույլ են տվել խուսափել Ռուսաստանի և Թուրքիայի լայնածավալ և ուղիղ ներքաշումից այս պատերազմի մեջ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է․ Մոսկվան աջակցում է Ասադին, Էրդողանը՝ նրա հակառակորդներին։ Այնուամենայնիվ, ռուս-թուրքական ինչ-որ լոկալ պատերազմից հաջողվել է խուսափել։ Բայց հակասությունները նրանց միջև չեն վերացել, համաձայնությունները վատ են իրականացվում։ Նախորդ պայմանավորվածությունները խախտելու մեջ կողմերն ամեն անգամ մեղադրում են միմյանց։ Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան չի տվել М4 մայրուղին, չնայած խոստացել էր։ Իսկ Թուրքիան՝ որ Մոսկվան չի հասել թուրք-սիրիական 30կմ-անոց սահմանային գոտուց քրդերի հետքաշմանը, չնայած խոստացել էր։ Եվ այսպես՝ ամեն անգամ։ Այս ֆոնին Պուտինն ու Էրդողանը ստիպված են բանակցել նաև այլ, ոչ պակաս կարևոր բաների՝ ուկրաինական ցորենի արտահանման, առհասարակ Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումների և շատուշատ այլ հարցերի շուրջ»։
Լոգիստիկ ուղիներ, ռուսական նավթ, իրանական ԱԹՍ-ներ
Ուկրաինա ներխուժումից ի վերշ սա Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն էր։ Ստեղծված պայմաններում Իրանը Մոսկվայի սակավաթիվ դաշնակիցներից մեկն է համարվում։ Պուտինի խոսնակը Դմիտրի Պեսկովը իրանցի լրագրողներին տված հարցազրույցում հիշեցրել էր, որ այժմ Ռուսաստանին ու Իրանին միավորում է նաև այն, որ երկուսն էլ «սովոր են ապրել Արևմուտքի պատժամիջոցների ներքո»։
Թեհրանում եռակողմ գագաթնաժողովից բացի մի շարք երկկողմ հանդիպումներ եղան նաև։ Օրակարգում բազմաթիվ՝ Սիրիային ուղղակիորեն չվերաբերող հարցեր էին։
Ռուսաստանի համար օրակարգային հարցերից մեկը, որ հավանաբար քննարկվել է նաև թեհրանյան այցի ընթացքում, ռուսական նավթը միջազգային շուկաներ արտահանելու համար իրանական լոգիստիկ ուղիների օգտագործման խնդիրն է՝ Կասպից ծովով մինչև Պարսից ծոցի իրանական տերմինալներ, իսկ այնտեղից՝ դեպի Ասիա, նախևառաջ՝ Հնդկաստան և Չինաստան։
Պուտինի պաշտոնական այցի օրը ռուսական «Գազպրոմը» Իրանի ազգային նավթային ընկերության(NIOC) հետ համագործակցության հուշագիր է ստորագրել, որը բազմամիլիարդանոց ռուսական ներդրումներ է ենթադրում։
Անկասկած, Իրանի նախագահի գլխավոր նպատակներից մեկը արևմտյան երկրների հետ «միջուկային գործարքի» (ինչը Իրանին հարկավոր է օդ ու ջրի պես) վերսկսման համար Պուտինի աջակցությունը կրկին ստանալն էր։
Մյուս հարցը ռազմական համագործակցությունն էր։ Իրանը մինչ այժմ Ուկրաինայի հարցին անդրադարձել է ֆորմալ ձևակերպումներով՝ «ուժի կիրառման անընդունելիություն», բանակցությունների կոչեր։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան մոտ մեկ շաբաթ առաջ, հուլիսի 12-ին, հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Պաշտոնական Թեհրանն, իհարկե, հերքել էր այս լուրը՝ մեղադրելով արևմտյան երկրներին զենքի արտադրության ու վաճառքի մեջ և հայտարարելով, որ Իրանը փորձում է խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է էսկալացիայի պատճառ դառնալ։
Թուրքիան, ի տարբերություն Իրանի, բացահայտ կերպով է դատապարտել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը՝ միևնույն ժամանակ չմիանալով որևէ պատժամիջոցների կիրառված Ռուսաստանի դեմ։ Թուրքիան միշտ կախվածություն է ունեցել թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից պարենամթերքի ու գազի մատակարարման հարցում։ 2021 թվականին Թուրքիա ներմուծվող ամբողջ ցորենի գրեթե 65%-ը և գազի 50%-ը մատակարարել է Ռուսաստանը։ Ուկրաինան Թուրքիային է մատակարարել երկրի ամբողջ ցորենի ավելի քան 13%-ը։
Մոսկվայի հետ առևտուրը շատ կարևոր է Անկարայի համար, դրա ծավալը գերազանցում է 26 միլիարդ դոլարը: Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակկույու» ատոմակայանը․ միայն այս կայանի արժեքը 22 միլիարդ դոլար է։
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, խոսել են նաև ռուսական նավատորմի կողմից ուկրաինական նավահանգիստները բացելու անհրաժեշտության մասին՝ այնտեղից ծովային ճանապարհով ուկրաինական հացահատիկը արտահանելու համար։ Գործարք, որում Թուրքիան հանդես է գալու որպես երաշխավոր։
Փետրվարի 24-ից հետո Սև ծովի ուկրաինական նավահանգիստները, հիմնականում Օդեսան և Նիկոլաևը, արգելափակվեցին, իսկ Ազովի ծովի նավահանգիստները օկուպացվեցին Ռուսաստանի կողմից: Ըստ արևմտյան փորձագետների՝ Օդեսայում և դրա շրջակայքում կուտակվել է մոտ 20 մլն տոննա հացահատիկ։