Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլ շատ երկրներ, տնտեսական պատժամիջոցների մի շարք փաթեթներ են կիրառել ՌԴ-ի դեմ։ Հայաստանի հարևան երկրներից ոչ ոք չի միացել պատժամիջոցներին։
Թուրքիան ամուր տնտեսական ու քաղաքական կապեր ունի թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու և տարածաշրջանում մեծ կշիռ ունենալու պատճառով Անկարան ճնշման տակ է՝ վերջապես կողմ ընտրելու։
Ներկայումս Թուրքիան իր բնական գազի մատակարարումների մոտ մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից։ Սիրիական պատերազմից ի վեր անցնելով մի քանի ճգնաժամերի միջով (ռուս դեսպանի և օդաչուի սպանությունները, ՌԴ-ի հետևած թուրքական ապրանքների արգելքը և օդային հաղորդակցության, հանգստյան գոտիներ մեկնելու արգելքները)՝ երկու պետությունները համագործակցել են Սիրիայում, Լիբիայում և հարավային Կովկասում՝ «հատուկ գործողություններ» իրականացնելիս։ 2019 թվականին Անկարան Ս-400 ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել Ռուսաստանից, մի որոշում, որը «թունավորել է» նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ (ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ)։
Միևնույն ժամանակ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնք ժամանակին ձեռք էր բերել Ուկրաինան, այժմ դիմադրում են ռուսական ուժերին։ Թուրքիան նաև իրեն համարում է Ղրիմի թաթարներին բարեկամ և պաշտոնապես 2014թ․-ից դատապարտում է թերակղզու բռնազավթումը։
Անկարան պատերազմի առաջին իսկ օրվանից հակադրվել է Ռուսաստանի «հատուկ գործողության» նարատիվին։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայում տեղի ունեցողը անվանեց «պատերազմ», դրան հաջորդեց նախագահ Էրդողանի ելույթը, որում նա ռուսական ներխուժումը որակեց «անընդունելի»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով Թուրքիան փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռազմածովային նավերի համար։ Չնայած՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմն արդեն տեղակայված էր, նեղուցների փակումը թույլ չի տա Պուտինին լրացուցիչ նավեր ուղարկել Միջերկրական ծովի արևելյան կողմից։
Այնուամենայնիվ, Թուրքիան դեռևս չի հրաժարվում Ռուսաստանից: Անկարան չի միացել Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներին և չի փակել Թուրքիայի օդային տարածքը ռուսական ուժերի համար։ «Մենք չպետք է կողմեր ընտրենք պատերազմի ժամանակ, ընդհակառակը՝ մենք երկիր ենք, որ կարող է երկու կողմերի համար հավասար երկխոսություն հաստատել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Մենք հնարավորություն չունենք կողմ ընտրելու», – ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, իր հերթին, արդեն նշել է Ստամբուլի բանակցությունների հնարավոր վայր լինելու մասին։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Էրդողանը դե-էսկալացիայի կողմնակից է` հիմնականում տնտեսական պատճառներով։ Պատերազմն արդեն իր ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա, ինչը բացասական հետևանքներ է ունենալու Թուրքիայի համար։ Վերջինս կախված է Ռուսաստանից՝ զբոսաշրջություն, շինարարական նախագծեր, գյուղատնտեսական ապրանքների արտահանման շուկա։ Մյուս կողմից, էլեկտրաէներգիայի և գազի թանկացումները մեծապես ազդելու են Թուրքիայի այն քաղաքացիների վրա, ովքեր արդեն ֆինանսապես տուժել էին լիրայի անկման պատճառով գոյացած գնաճից։
Էրդողանը նաև պատրաստվում է 2023 թվականի նախագահական ընտրություններին և տնտեսական ճգնաժամը ամենավերջին բանն է, որ հարկավոր է ընտրություններից առաջ։
Օգտվել ենք՝ Daily Sabbah, Politico, Al Jaazera կայքերից