Թուրքական արժույթը նոր հակառեկորդ է սահմանել․ մեկ դոլարը դեկտեմբերի 10-ին համարժեք էր արդեն 13,8 լիրայի (համեմատության համար՝ ամռանը 1 դոլարը վաճառվում էր շուրջ 8․5 լիրայով)։
Տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի 46%-ը․ սա վատագույն ցուցանիշն է զարգացող երկրների շարքում։ Առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի թանկացել են, վառելիքի գներն աճել են 40%-ով։
Նախագահ Ռեջեփ Էրդողանը ստեղծված իրավիճակում առաջարկում է «պատրաստվել պատմական պայքարի՝ տնտեսական անկախության համար մղվող պատերազմում»։
Էրդողանի վարչապետության տարիներին նրա գլխավոր խորհրդական Ակիֆ Բեքին կարծում է, որ նախագահը սրանով «փորձում է նավը ջրի երեսին պահել»․ «Նա հավատում է, որ կարող է շրջել իրավիճակը և ընտրություններին ընդառաջ նորից համոզել մարդկանց»: 2023 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում։
Երկու շաբաթ առաջ Էրդողանը իր ելույթում խոսում էր իր «տնտեսական նոր մոդելի» մասին՝ դեմ գնալ արևմտյան տնտեսական պրակտիկային, փոխարենը՝ հետևել Չինաստանի օրինակին՝ տոկոսադրույքների իջեցման և ազգային արժույթի արժեզրկման հարցում։ Ըստ նրա, դա կօգնի հավասարակշռել Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը և ներքին արտադրանքն ավելի գրավիչ դարձնել արտահանման համար։
Էրդողանի ելույթից մի քանի ժամ անց լիրան ենթարկվեց ազատ անկման՝ մեկ օրում կորցնելով իր արժեքի շուրջ 15%-ը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում Էրդողանը վեց անգամ պաշտպանել է փոխարժեքի իջեցման քաղաքականությունը և հայտարարել, որ «հետդարձ չկա»։ Նրա գրեթե յուրաքանչյուր հաջորդ ելույթ արժույթը հասցնում է նոր հակառեկորդի։
Նախագահը պնդում է, որ ֆինանսական շուկան ի վերջո կկայունանա, թանկացումները շուտով կդադարեն: Եվ կոչ է անում այլ արտարժույթ ունեցող թուրքերին օգտվել տնտեսական իր նոր մոդելի հնարավորություններից։
Տնտեսագետների զգալի մասը պնդում է, որ Չինաստանի օրինակը գործարկելու համար առնվազն մեկ տասնամյակ է հարկավոր․ նման պայմաններում Էրդողանը, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող վեցից ութ ամսվա ընթացքում տնտեսական մեղմացում ապահովել, ինչպես խոստանում է:
Վերջին տարիներին Թուրքիայի նախագահը փոխել է Կենտրոնական բանկի մի շարք ղեկավարների, վերջերս պաշտոնանկ է արել նաև ֆինանսների նախարարին։