Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը ռազմական տեխնիկա (այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր) է վաճառել է Ռուսաստանին:
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցության տարբեր ֆորմատներ ունենք, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, սակայն մենք չենք օգնում [Ուկրաինայում] հակամարտության մեջ ներգրավված կողմերից և ոչ մեկին, քանի որ համոզված ենք, որ այն պետք է դադարեցնել», – ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը la Repubblica-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ըստ ԱՄՆ իշխանությունների ենթադրության՝ Իրանը ծրագրում է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։
«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», – ասել էր Սալիվանը։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խնդիրն այն է, որ մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զենք են արտադրում և փորձում վաճառել այն, մինչդեռ Իրանը փորձում է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի պատճառ դառնալ։
«Մենք աշխատում ենք այս պատերազմը դադարեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է Աբդոլլահիանը։