Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն այսօր Թեհրանում «Աստանայի ձևաչափով» հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ նոր (ռազմական) օպերացիա իրականացնելու Անկարայի ծրագրերը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք դեմ ենք ցանկացած գործողության, որ խախտում է սիրիական կարգավորման հիմնարար սկզբունքը՝ ամրագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Աստանայի ձևաչափի որոշումներում՝ հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը։
Պուտինի օգնականը բողոքել է նաև Միացյալ Նահանգների ռազմավարությունից։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը շարունակում է ապակայունացնել իրավիճակը Անդրեփրատի տարածաշրջանում՝ խրախուսելով անջատողականությունը և մատակարարելով զինամթերք քրդական կազմավորումներին։
«Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներն են՝ 2019 թվականի մեմորանդումի համապատասխան», – նշել է ռուս պաշտոնյան։ Ըստ նրա, «բոլորին է հայտնի, որ ապակայունացնող գործոն է մնում ԱՄՆ-ն, որը շարունակում է ակտիվորեն, համառորեն խրախուսել անջատողականությունը՝ համապարփակ աջակցություն ցուցաբերելով քրդական քվազիպետական կառույցներին, այդ թվում զենք մատակարարելով»։
«Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակը կարգավորելու նպատակով, ինչպես հայտնի է, շարունակվում է 2018 թվականի ռուս-թուրքական Սոչիի հուշագրի և դրան կից 2020 թվականի լրացուցիչ արձանագրության իրականացումը, որոնք, ի թիվս այլ բաների, ապահովում են ռուս և թուրք զինվորականների կողմից տարածքի համատեղ պարեկության կազմակերպումը», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսօրվա հանդիպմանը Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանն ու Իբրահիմ Ռաիսին քննարկելու են համատեղ գործողությունների համալիրը՝ ուղղված Սիրիայում վերջնական և երկարատև կարգավորման հասնելուն»։ Հատուկ ուշադրություն է դարձվելու «իրավիճակի կարգավորմանը Իդլիբի և Անդրեփրատի շրջանների՝ սիրիական կառավարությանը չենթարկվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլին նոր ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում․ քրդերի վերահսկողության տակ գտնվող քաղաքները ռմբակոծվում են։ Ռազմական օպերացիայի «պաշտոնական» նպատակը «ահաբեկիչների ոչնչացումն» է։
Տե՛ս նաև՝ Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր