Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամի պատճառով սկսած ցույցերը դեռ շարունակվում են․ հուլիսի 5֊ին ցուցարարները պահանջներ են ներկայացրել իշխանությանը, որոնցից միայն մեկն է իրագործվել։ Նախագահը հրաժարական է տվել։
Ցուցարարները դեմ են, որ իշխանության գա նախագահի ներկայիս պաշտոնակատար Ռանիլ Վիկրամասինխեն։ Վերջինս արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Չորեքշաբթի օրը կայանալիք նախագահի ընտրություններում Ռանիլ Վիկրամասինխեն մրցելու է ընդդիմության կողմից աջակցվող Դուլլաս Ալահապպերումայի և մարքսիստական կուսակցության առաջնորդ Անուրա Կումարա Դիսանակայեի հետ։ Նախագահ է դառնալու այն թեկնածուն, ով կկարողանա ապահովել 113 ձայն 225 անդամներից բաղկացած խորհրդարանում։
100֊օրյա պայքարի ընթացքում ցուցարարները որոշ նշանակալի ձեռքբերումներ են ունեցել․ առաջին հերթին նրանք ստիպել են իշխանության գլխին կանգնած Ռաջապակսա եղբայրներին հրաժարական տալ, իսկ նախագահ Գոթաբայա Ռաջապակսան անցյալ շաբաթ լքել է երկիրը։
Սա Շրի Լանկայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը հրաժարական է տվել։
Շրի Լանկայի արդեն նախկին վարչապետ Մահինդա Ռաջապակսան (նախկին նախագահի եղբայրը) նույնպես ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից․ նրա աջակիցները մայրաքաղաք Կոլոմբոյում հարձակվել էին ցուցարարների վրա, ինչից հետո ամբողջ երկրում անկարգություններ էին սկսվել։
Մահինդային ժամանակավորապես փոխարինում է Ռանիլ Վիկրամասինխեն, որը Գոթաբայա Ռաջապակսայի հրաժարականից հետո դարձել է նաև Շրի Լանկայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։
Մահինդան հայտարարել է, որ չի լքելու երկիրը․ Ռաջապակսաների մյուս եղբայրը՝ ֆինանսների նախկին նախարար Բազիլ Ռաջապակսան նույնպես մնում է երկրում՝ հուլիսի սկզբին այն լքելու անհաջող փորձ կատարելուց հետո։
Ցուցարարների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց պայքարն ավարտված չէ։ Հուլիսի 5֊ին նրանք ներկայացրել էին 6 դրույթներից բաղկացած պահանջներ, որոնցից դեռևս կատարվել է միայն մեկը՝ նախագահ Գոթաբայա Ռաջապակսայի հրաժարականը։
«Երբ ասում էինք «Գոթա՛, գնա տուն» (GotaGoHome), նա պարզապես անհատ չէր։ Մենք ցանկանում էինք հեռացնել ամբողջ կոռումպացված համակարգը, որը նա [Գոթաբայա Ռաջապակսան] ներկայացնում է։ Այժմ, երբ նա հեռացել է, մենք այլևս չենք ցանկանում երկրպագել անհատների», – ասում է ցուցարարներից մեկը։
Ցուցարարների ներկայացրած 6 դրույթներն են՝
―[Արդեն նախկին] նախագահ Գոթաբայա Ռաջապակսայի հրաժարականը
― Կառավարության՝ այդ թվում վարչապետի պաշտոնակատարի հրաժարականը
―Ժամանակավոր կառավարությունը պետք է առավելագույնը մեկ տարով սահմանվի
―Նոր սահմանադրություն, որը հաստատում է մարդկանց ինքնավարությունը՝ հաստատված հանրաքվեի միջոցով
―Նախագահի իշխանությունը պետք է նվազեցվի, իսկ ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդվեն մինչև ստեղծվի նոր սահմանադրություն
―Ժամանակավոր կառավարության գործունեության հիմքում պետք է լինեն վերոնշյալ պահանջները։
Շրի Լանկայում ցույցերը սկսվել էին մարտի 31֊ին, երբ երկրում օրեցօր ահագնացող տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակիչները դուրս էին եկել փողոց։ Երկրի իշխանությունը ընդունակ չէր վճարել վառելիքի, սննդի կամ դեղամիջոցների ներկրման համար․ ապրիլի 12֊ին Շրի Լանկան ժամանակավոր դեֆոլտ էր հայտարարել՝ չկարողանալով վճարել արտաքին պարտքը։
Ռաջապակսաները իշխանությունը կորցրել էին 2015 թվականի ընտրությունների արդյունքում, երբ բնակչության շրջանում աճեցին ավտորիտար ռեժիմի, նեպոտիզմի և կոռուպցիայի դեմ բողոքները։ Սակայն չորս տարի անց նրանք վերականգնեցին իշխանությունը, երբ 2019֊ին նախագահ ընտրվեց Գոտաբայա Ռաջապակսան։
2005֊ից 2015 թվականները Շրի Լանկայի նախագահն էր նրա եղբայր Մահինդա Ռաջապակսան։ Մահինդան վերջ տվեց Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմին, սակայն ՄԱԿ֊ի տվյալներով նրա ռազմավարության արդյունքում միայն վերջին շաբաթների ընթացքում զոհվել էր 40 հազար խաղաղ բնակիչ։
Շրի Լանկան կղզի-պետություն է Հնդկական օվկիանոսում։ Այն անկախացել է Մեծ Բրիտանիայից 1948թ․-ին։ Երեք էթնիկ խմբեր՝ սինհալները, թամիլները և մուսուլմանները կազմում են 22 միլիոնանոց բնակչության 99%-ը: