Home / Համայնքներ / Ցույցեր Շրի Լանկայում․ կառավարութունից մնացել են նախագահն ու վարչապետը

Ցույցեր Շրի Լանկայում․ կառավարութունից մնացել են նախագահն ու վարչապետը

Շրի Լանկայի տարբեր քաղաքներում գրեթե 1 շաբաթ է ցույցեր են, որոնց արդյունքում հրաժարական են տվել կառավարության բոլոր անդամները՝ բացի նախագահից և վարչապետից։ Ցուցարարները պահանջում են, որ Ռաջափաքսա եղբայրները լքեն իշխանությունը և նախագահ Գոթաբայա Ռաջափաքսան հրաժարական տա։ Բնակիչները հայտնում են, որ նրա կառավարման հետևանքով երկիրը անկախությունից ի վեր իր վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել։

Շրի Լանկայի կառավարության 26 նախարարներ, այդ թվում՝ նախագահի որդին և երկու եղբայրները, հրաժարական են տվել երկրում տարածվող ցույցերի արդյունքում, մինչդեռ նախագահ Գոթաբայա Ռաջափաքսան և վարչապետ Մահինդա Ռաջափաքսան մնացել են իրենց պաշտոնին։

Ցույցերը կասեցնելու նպատակով՝ երկրում ապրիլի 3֊ին հայտարարվել էր շուրջօրյա պարետային ժամ, սակայն հարյուրավոր մարդիկ միևնույն է դուրս էին եկել փողոց խաղաղ ցույցի և վանկարկում էին «Գնա՛, Գոթա, գնա՛»։

Ցույցերը սկսվել էին մարտի 31֊ին, երբ ամբողջ երկրում էլեկրամատակարման դադարները, որոնք ունեին պարբերական բնույթ, հասել էին 13 ժամի։ Իշխանությունը ընդունակ չէ վճարելու վառելիքի, սննդի, կամ դեղամիջոցների ներկրման համար, ինչի պատճառով օրեցօր խորանում է տնտեսական ճգնաժամը՝ բնակիչների շրջանում առաջացնելով բողոքի ալիք։ Միայն վառելիքի հերթերում, անտանելի շոգի պատճառով, վերջին շաբաթների ընթացքում 5 տարեց մարդ է մահացել։

Իշխանությունների կողմից արգելափակվել էին մի շարք սոցցանցեր՝ ֆեյսբուք, թվիթեր, վոթսափ, որոնք օգտագործվում էին ցույցերը կազմակերպելու նպատակով։ 15 ժամ անց, երբ Շրի Լանկայի Մարդու իրավունքների կոմիտեն անօրինական հայտարարեց համացանցային գրաքննությունը, սահմանափակումները հանվեցին։

Ֆինանսական աջակցության համար Շրի Լանկան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին։ Երկիրը նաև ֆինանսական օգնություն է սպասում Չինաստանից և Հնդկաստանից, որոնք պատրաստ են տրամադրել 1.5֊ական մլրդ դոլար՝ կրեդիտային հիմունքներով։ Շրի Լանկայի արտաքին պարտքը գնահատվում է մոտ 51 մլրդ դոլար։

Մարտի 31֊ի երեկոյան նախագահի նստավայրի մոտ խաղաղ ցույցերը վերաճել էին անկարգությունների․ զայրացած ցուցարարները քարկոծել էին երկու ոստիկանական մեքենա, որոնցից մեկը այրել էին։ Նախագահի գրասենյակը ցուցարարներին «կազմակերպված էքստրեմիստներ» էր անվանել, իսկ ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենա էին կիրառել։ Տասնյակ ցուցարարներ վիրավորվել էին, իսկ 54֊ին ձերբակալել են։ Ապրիլի 1֊ի առավոտյան երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ռաջափաքսաները իշխանությունը կորցրել էին 2015 թվականի ընտրությունների արդյունքում, երբ բնակչության շրջանում աճեցին ավտորիտար ռեժիմի, նեպոտիզմի և կոռուպցիայի դեմ բողոքները։ Սակայն չորս տարի անց նրանք վերականգնեցին իշխանությունը, երբ 2019֊ին նախագահ ընտրվեց Գոթաբայա Ռաջափաքսան։ 

2005֊ից 2015 թվականները Շրի Լանկայի նախագահն էր նրա եղբայր Մահինդա Ռաջափաքսան։ Մահինդան վերջ տվեց Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմին, սակայն ՄԱԿ֊ի տվյալներով նրա ռազմավարության արդյունքում միայն վերջին շաբաթների ընթացքում զոհվել է 40 հազար խաղաղ բնակիչ։ Մահինդան այժմ Շրի Լանկայի վարչապետն է։ Մյուս Ռաջափաքսա եղբայները երկրում զբաղեցնում էին ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։