Թուրքիան աջակցել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումներին, Մադրիդում անցկացվող գագաթնաժողովին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են համատեղ հուշագիր, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը, այդ թվում՝ զենքի արտահանումն ու ահաբեկչության դեմ պայքարը», – ասել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են հրաժարվել տասնամյակներով շարունակվող չեզոքության քաղաքականությունից և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին՝ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և այն նրանից, որ քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչներ է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։
Մադրիդում հանդիպման նախաշեմին թուրքական կողմը բանակցություններ է վարել սկանդինավյան երկու երկրների և ԱՄՆ-ի հետ՝ գրավոր փոխանցելով իր պահանջները և պնդելով կատարել դրանք, նախքան Անկարան իր համաձայնությունը կտա երկու նոր անդամներին մուտք գործել ՆԱՏՕ։ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական մեկնաբանությունում նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «հասել է իր ուզածին»։
Ի՞նչ է սպասվում հուշագրով
— Շվեդիան ակտիվացնում է աշխատանքը Թուրքիայի կողմից «ահաբեկիչ» ճանաչված անձանց (ավելի քան 30 հոգի) արտահանձնման ուղղությամբ։ Շվեդիան ու Ֆինլանդիան փոփոխում են օրենսդրությունը՝ քուրդ «ահաբեկիչների» նկատմամբ իրենց մոտեցումը խստացնելու համար․ Ստոլտենբերգ
— «Լիարժեք համագործակցություն Թուրքիայի հետ PKK-ի և նրա մասնաճյուղերի՝ ներառյալ YPG-ի [Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ], դեմ պայքարում»․ Թուրքիայի նախագահի գրասենյակ
— Շվեդիան և Ֆինլանդիան վերացնում են Թուրքիային զենք վաճառքին վերաբերող իրենց սահմանափակումները․ Ստոլտենբերգ
— Ֆինլանդիան և Շվեդիան այսուհետ «էմբարգո սահմանափակումներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում» Թուրքիայի նկատմամբ չեն կիրառում․ Ստոլտենբերգ
— Երեք երկրները խոստանում են լիակատար աջակցություն ցուցաբերել միմյանց երկրներից որևէ մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։
Ի՞նչ է սպասվում ՆԱՏՕ-ին
— ՆԱՏՕ-ի ղեկավարները այսօր պաշտոնական հրավեր կուղարկեն Ֆինլանդիային և Շվեդիային դաշինքին միանալու համար:
— Հավանաբար, դեռ ամիսներ կպահանջվեն, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես միանան ՆԱՏՕ-ին, քանի որ նրանց անդամակցությունը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից:
— Փաստացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի համար փոփոխությունները շատ մեծ չեն լինելու․ նրանք 1994 թվականից հանդիսանում են ՆԱՏՕ-ի պաշտոնական գործընկերները, սերտ հարաբերություններ են պահպանում ալյանսի բանակների հետ և համապատասխանում են նրա բոլոր տեխնիկական և ինստիտուցիոնալ պահանջներին։ Հիմնական փոփոխությունը կապված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ կետի հետ, համաձայն որի՝ Ալյանսի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։
— Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն՝ դա համարելով դաշինքի ընդլայման փորձ դեպի ռուսական տարածքներ։ ՌԴ ԱԳՆ-ում անդամակցության առաջին հայտարարություններից հետո արդեն սպառնում էին, որ եթե Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ անդամ «Ռուսաստանը ստիպված կլինի ռազմատեխնիկական բնույթ կրող քայլեր ձեռնարկել»։
Բանակցություններին զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր ներխուժում է սկսել Սիրիայի հյուսիս՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) վերահսկողության տակ գտնվող քաղաքները հետ գրավելու համար։ SDF-ին աջակցում են ԱՄՆ-ն և Եվրոպան, այդ թվում՝ Ֆինլանդիան ու Շվեդիան, քանի որ վերջիններս մեծ դեր են ունեցել ISIS-ի (ահաբեկչական կազմակերպություն Իրաքում և Սիրիայում) դեմ պայքարում։
Քրդական հարցը տարիներ շարունակ Շվեդիայի և Թուրքիայի միջև կռվախնձոր է: Քրդական սփյուռքը Շվեդիայում մեծ է (100-150 հազար հոգի), լավ ինտեգրված և քաղաքականապես ակտիվ համայնք է: Ներկայումս Շվեդիայի խորհրդարանում 6 քուրդ պատգամավոր կա։
Շվեդիան հերքում է քուրդ ահաբեկիչներին ապաստան տալու և PKK-ին ակտիվորեն աջակցելու Թուրքիայի մեղադրանքները։ Շվեդիան PKK-ին ահաբեկչական խմբավորում է ճանաչել դեռևս 1984 թվականին՝ լինելով երկրորդ երկիրը, որը դա արել է անմիջապես Թուրքիայից հետո։
Շվեդիան ընդամենը աջակցում է Սիրիայի հյուսիս-արևելքում գործող Սիրիայի Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներին (YPG) և նրա քաղաքական թևին՝ Դեմոկրատական կուսակցության միությանը (PYD): Թուրքիան տարբերություն չի դնում այդ խմբերի միջև։