հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Ռուսաստանը գցել է Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի գիրկը․ Թուրքիան ասելիք ունի

Ռուսաստանը գցել է Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի գիրկը․ Թուրքիան ասելիք ունի

Մայիսի 15-ին Ֆինլանդիան և մայիսի 16֊ին Շվեդիան պաշտոնապես հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման մասին։ Երկարատև չեզոքությունից հետո երկրներն այժմ վերանայում են իրենց դիրքորոշումը․ նրանք համարում են, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հիմնովին փոխում է իրենց ազգային անվտանգության հարցը, իսկ ստեղծված պայմաններում այն ապահովելու լավագույն միջոցը ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամ դառնալն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սա ուղղակի սխալ որոշում է որակել։ Դժգոհություն է հայտնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը մայիսի 16֊ին պաշտոնապես հայտարարել է, որ շվեդական խորհրդարանի որոշմամբ երկիրը կդիմի ՆԱՏՕ-ին՝ անդամակցության համար։ Նախօրեին այս որոշմանը կողմ էր արտահայտվել Շվեդիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը․ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ ալյանսին անդամակցելու որոշումը պաշտոնապես հաստատել էր Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

Վերջին 200 տարիների ընթացքում Շվեդիան սկզբունքորեն չէր ներգրավվում ռազմական դաշինքներում։ Տասնյակ տարիներ չեզոք դիրքորոշում էր պահպանում նաև Ֆինլանդիան։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր այս երկրներում շարունակաբար աճում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը։

Բնակչության շրջանում առաջացող անհանգստությունը ավելի արտահայտված է Ֆինլանդիայում, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ սահմանակից բնակավայրերում, հաղորդում է BBC-ն։ Ըստ նյուն աղբյուրի, Շվեդիայում շատ են մարդիկ, ովքեր վստահ չեն, որ անդամակցումը կփոքրացնի ռուսական հարձակման հավանականությունը։ Կան նրանք, ում համար վշտալի է Շվեդիայի չեզոք կարգավիճակի կորուստը, որը թույլ էր տալիս երկրին հեռու մնալ համաշխարհային խոշոր կոնֆլիկներից։

Փաստացի այս երկրների համար փոփոխությունները շատ մեծ չեն լինելու․ նրանք 1994 թվականից հանդիսանում են ՆԱՏՕ-ի պաշտոնական գործընկերները, սերտ հարաբերություններ են պահպանում ալյանսի բանակների հետ և համապատասխանում են նրա բոլոր տեխնիկական և ինստիտուցիոնալ պահանջներին։ Հիմնական փոփոխությունը կապված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ կետի հետ, համաձայն որի՝ Ալյանսի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նաև հայտարարել է, որ մայիսի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման մասին է հայտնել նրան։ Պուտինի արձագանքը սպասվածից ավելի մեղմ էր, հայտնում է ֆինլանդական նախագահը․ Ռուսաստանի նախագահը դա ուղղակի սխալ որոշում է անվանել, «քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»։ Ավելի ուշ՝ մայիսի 16-ին, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ որևէ խնդիր չունի, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումը կբերի «պատասխան գործողությունների»։

Ավելի բուռն քննադատություն ու սպառնալիքներ են հնչել Ռուսաստանի այլ պաշտոնյաներից, իսկ ԱԳՆ-ում նման զարգացումների մասին առաջին հայտարարություններից հետո արդեն սպառնում էին, որ եթե Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ անդամ «Ռուսաստանը ստիպված կլինի ռազմատեխնիկական բնույթ կրող քայլեր ձեռնարկել»։

Առանձնակի բացասական վերաբերմունք է արտահայտել Թուրքիան, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի աջակցում երկրների անդամակցությանը, քանի որ նրանք ապաստարան են տվել «ահաբեկիչների»։ Խոսքը քուրդ ակտիվիստների մասին է։ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «թուրքական ժողովուրդը խնդրում է երկրի իշխանությանը, որ փակեն Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ»։

Էրդողանն անգամ ասել է, որ Ստոկհոլմն ու Հելսինկին կարող են Անկարա չուղարկել իրենց դիվանագետներին՝ Թուրքիային համոզելու համար։ Այնուամենայնիվ երկու երկրներից Թուրքիա են մեկնում Արտաքին գործերի նախարարները՝ Ան Լինդեն և Պեկա Հավիստոն։

Թուրքիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ պատրաստվում են արգելակել ՆԱՏՕ այն երկրների ընդունումը, որոնք պատժամիջոցներ են կիրառել Թուրքիայի դեմ։ Ֆինլանդիան և Շվեդիան թուրքական զինամթերքի մատակարարումների վրա էմբարգո են սահմանել 2019 թվականին՝ Սիրիայի վրա հարձակումից հետո։

Թուրքիայի դիրքորոշումը զարմացրել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին․ նա հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ հեռախոսով խոսել է Էրդողանի հետ, որը աջակցել է Ֆինլանդիայի անդամակցմանը Ալյանսին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ երկրները կկարողանան հաղթահարել իրենց անհամաձայնությունները։