Մայիսի 8֊ին Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում նախագահական ընտրություններ են անցկացվել․ հաղթել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը։ Մայիսի 10-ին նրան շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարավային Օսիայի նախկին նախագահ Անատոլի Բիբիլովն իր պարտությունն ընդունել էր քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ անց, միաժամանակ հայտարարելով, որ երկրում, այնուամենայնիվ, Ռուսաստանին միանալու հանրաքվե կանցկացվի։
Բիբիլովի խոսքով, հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը արդեն ներկայացվել են Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով․ այնտեղից դրանք կփոխանցվեն երկրի Գերագույն դատարան, այնուհետև կորոշվի հանրաքվեի օրը։
Մինչ այդ, Բիբիլովը մայիսի 8֊ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդունել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևի հաղթանակը և հաջողություն մաղթել հակառակորդին։
Նշենք, որ Գագլոևը Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեն Բիբիլովի նախընտրական մանիպուլյացիան էր համարում։ Իր դիրքորոշումը դեռևս ապրիլին նա այսպես էր ձևակերպել․ «Հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ ոչ միայն Հարավային Օսիան դրան պատրաստ կլինի, այլ այդ քայլը տեղին կլինի Ռուսաստանի Դաշնության համար, և դրանով մեր ռազմավարական գործընկերոջ ղեկավարությունը երկիմաստ դրության մեջ չի հայտնվի»։
Մայիսի 9-ին քվեաթերթիկների ավելի քան 97%-ի հաշվարկման արդյունքում ընդդիմության առաջնորդ Ալան Գագլոևը 15 867 ձայն է ստացել, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 54,2%֊ը։ Անատոլի Բիբիլովի կողմից հավաքված ձայների քանակը 11 434 է՝ ընտրողների 43,3%-ը: Բոլորի դեմ քվեարկել են 779 հոգի՝ քվեարկողների 2.5%-ը։
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է 25 395 մարդ՝ ընտրազանգվածի 64,75%-ը։
Մարտի վերջին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը միանալու է իր պատմական հայրենիքին՝ Ռուսաստանին։ Այս նպատակով նախագահը պատրաստվում էր հանրաքվե անցկացնել։
Վրաստանը չի ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունները․ Թբիլիսին քվեարկությունն անվանել է «Վրաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ապօրինի գործողություն՝ Ռուսաստանի Դաշնության կողմից»։