2018 թվականի բողոքի ցույցերի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը չենք կարող համեմատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի՝ Երևանի փողոցներ դուրս գալու հետ, որովհետև այդ շարժման թիրախը ժողովրդի ազատ ընտրությունն է և Հայաստանի սուբյեկտայնությունը։ «Այս շարժումը պայքարում է հավասարապես Հայաստանի ներքին ընտրողի դեմ, այսինքն՝ Հայաստանի ընտրողը այլևս ընտրելու իրավունք չպիտի ունենա, որովհետև այն անընդունակ է «որակյալ» ընտրություն կատարել։ Սա՛ է ընդհանուր տրամաբանությունը», – կարծում է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
Քաղաքական գործչի հետ զրուցել է Factor.am-ը։ Հարցազրույցից մի քանի հատված ենք ներկայացնում։
Խոսելով ընդդիմության պատկերացրած ելքի մասին, իսկ վերջիններս ժամանակավոր կառավարություն են ուզում, որն ընտրություններ կանցկացնի, սակայն առանց գործող իշխանության մասնակցության, Բաբաջանյանը նկատել է․
«Սա ի սկզբանե՝ պատերազմից հետո առնվազն, իրենց պայքարի հիմքում դրված այն կարևոր նպատակն է, որը շատ կարևոր արտաքին և ներքին պատվիրատուներ ունի․ Հայաստանը վերջնականապես դարձնել դե-ֆակտո և դե-յուրե պետականազուրկ միավոր, որովհետև եթե այսօր Հայաստանն ի վիճակի է գործընկերների հետ խոսել, իր անվտանգային, իր առաջնային կարևորության մարտահրավերները քննարկել, դա բացառապես պայմանավորված է իր ժողովրդավարական իմիջով։
Այս զանգվածը մի խնդիր ունի՝ Հայաստանը ջախջախել այդ իմաստով և թույլ չտալ, որպեսզի այն վերագտնի իր սուբյեկտայնությունը և կարողանա այնպիսի դիրք ձեռք բերել, որը այս տարածաշրջանում արտաքին խաղացողների հավասարակշռություն կբերի, դրանով իր կշիռը կավելացնի, և ի շարս Ռուսաստանի, այստեղ հրավիրելով Եվրամիության, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը մեր հակամարտության կարգավորման գործում, մեզ հնարավորություն կտա ավելի ազատ մանևրել և բանակցություններում ավելի շահեկան դուրս գալ»։
Բաբաջանյանը հիշել է Դաշնակցության գործելակերպը և վստահություն հայտնել՝ «հաշվի առնելով հանրահավաքներին մասնակցող ուժերից մեկի հետագիծը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում», ինչպես նաև այն, որ հավաքների սակավամարդ դառնալուն զուգահեռ ավելի անհանդուրժող է դառնում հռետորաբանությունը, գործի է դրվելու պլան Բ-ն․
«․․․ հաշվի առնելով այդ կուսակցության հետագիծը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, կարելի է ենթադրել, որ միջոցների մեջ խտրություն չդնող այս ուժը, որը 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման առաջին օրվանից պատասխանատվություն էր ստանձնել՝ առնվազն մինչև հայ-թուրքական արձանագրություններ, մաս էր կազմել իշխանության․․․ Մաս է եղել իշխանության, երբ եղել է հոկտեմբերի 27-ը, երբ 2004 թվականի ապրիլի 12-ին ընդդիմություն են ճնշել փողոցում, 2003 թվականի ռեպրեսիաները, մարտի 1-ի իրադարձությունները։ Այս քաղաքական ուժը առնվազն մասնակցել է որոշումներ կայացնելուն, եթե այդ սպանությունների ուղիղ մասնակիցը չի եղել։
Ես էլ կարող եմ անձնապես վկայել․ 2019 թվականին Նաիրի Հունանյանին եմ հանդիպել, և այն անունները, որոնք նա հիշատակում էր, ում հետ նա հարաբերվել է դեպքից 6-7-8 ամիս առաջ և ովքեր ոգեշնչել են նրան, որ «Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին ոչնչացնելով հայ ժողովրդին փրկություն կբերես», նրանք այսօր Ֆրանսիայի հրապարակում են և նույն անհանդուրժող հռետորաբանությամբ խոսում են գործող իշխանություններին չեզոքացնելու, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին՝ միջոցների մեջ խտրություն չդնելով»։
Մեկնաբանելով ընդդիմության պահանջները, որոնք հիմնականում Արցախին են վերաբերում, նախկին պատգամավորը հարց է բարձրացրել՝ արդյոք Քոչարյանը երբևէ ներողություն խնդրե՞լ է իր կողմից ընդունված որոշման համար․
«Ռոբերտ Քոչարյանը երբևէ հրաժարվե՞լ է Քի Վեսթի համաձայնագրի իր ազգակործան որոշումից։ Ներողություն խնդրե՞լ է հայ ժողովրդից, որ Քի Վեսթում համաձայնություն է տվել մի փաստաթղթի վերաբերյալ, որն, ըստ էության, Հայաստանը հիմնավորապես զրկում էր սուբյեկտայնությունից, ընդհանրապես ապագայից, հարատևությունից։ Մեղրին, ըստ էության, հանձնվում էր Ադրբեջանին, դրա դիմաց մենք ստանում էինք Արցախը և դրանով վերջ էր դրվում հայոց պետականությանը։
Երբևէ լսե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանը, որը որպես գործոն դիտարկում էր Հայաստանի Միութենական պետության մաս կազմելու հեռանկարը, հրաժարված լինի իր այս համոզումից։
Այս մարդը առաջնորդում է այս շարժումը․․․
Նրա հայտարարություններին և գործողություններին նայեք․ նրանք վաղուց Արցախը հանձնել են Ադրբեջանին և Հայաստանում ստանձնել են իշխանություն։ Նրանք այդ իշխանությունը վերստանձնելու խնդիր են լուծում։ Արցախը ընդամենը միջոց, հնարավորություն և պատրվակ է, իսկ Արցախի դրոշը և Արցախի այսօրվա կարգավիճակը ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ։ Հայաստանը որևէ քաղաքական ներգործության մեխանիզմ, գործիք, ազդեցություն չունի Արցախի վրա։ Այնտեղ բացառապես ռուս-ադրբեջանական համաձայնությունների շրջանակ է գործում։
Արցախի դրոշը Հայաստանում փակցնելու այս քայլերը բացառապես մի բանի մասին են․ Ռուսաստանի դրոշն են այստեղ փակցնում։ Եվ ավելի արատավոր բան․ Արցախում Խորհրդային Միության դրոշը ծածանելով և այդ ակցիան անելով, մեծապես հավաքական Արևմուտքի ընկալումներն են ամբողջությամբ փոխվում Արցախյան հիմնախնդրի մասին։
Այս ակցիային Ստեփանակերտի քաղաքապետն է մասնակցել, հետևապես, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ մարտահրավերների առջև ենք դնում երկիրը՝ Հայաստանը, և Արցախը փրկելուց առաջ, առհասարակ, մտածե՞լ ենք, որ մենք Հայաստանում լրջագույն անելիքներ ունենք, Հայաստանը ոտքի պահելու խնդիր ունենք, և Շուշիում երգելու այդ ցանկությունից առաջ Հայաստանը պետք է կարգի բերենք, որպեսզի այդ հնարավորությունը ստանանք <․․․>։
Կարծում եմ, որ շատ վտանգավոր գործընթացներ են, որոնք մի քանի նպատակ են հետապնդում և դրա ամենավտանգավոր շերտը ուղիղ հրահրումն է Ադրբեջանին, Թուրքիային ռազմական գործուղություններ սկսել արդեն Հայաստանի դեմ։
Հայաստանում այս անհանդուրժող հռետորաբանությունը, թուրքերի նկատմամբ ատելությունը շատ հիմնավորող պատճառ կարող է լինել, որպեսզի զգուշացնող հարված հասցվի Հայաստանի տարածքին, որպեսզի նաև միջազգային հանրությանը ցույց տան, որ Հայաստանում ռևանշիստները փորձում են գալ իշխանության, նրանք ուղղակի խոսում են այն մասին, որ իրենք պատրաստվում են Շուշին, Հադրութը և ազատագրված տարածքները վերադարձնել և քանի որ Ադրբեջանի ուժերը ներում են այս պահին, ավելին, Ուկրաինայում Ռուսաստանի դրությունը այնքան էլ բարվոք չէ, և Ալիևը առնվազն իր հայտարարություններով ցույց է տալիս, որ չի պատրաստվում շատ ու շատ հարցերում ուղղակի հաշվի նստել Ռուսաստանի կարծիքի հետ, կարող է այդպիսի արկածախնդրության գնալ։
Դուք հասկանում եք, չէ՞, թե այդպիսի գործողությունից հետո Հայաստանի իշխանությունների հետ ինչ է տեղի ունենալու և հասկանում եք, չէ՞, որ դա կարող է նաև հրահրվել այս քաղաքական սեգմենտի արտաքին պատվիրատուների կողմից, որպեսզի Հայաստանը ներքաշվի այդ Միութենական պետության անդամակցության գործընթացի մեջ։ Այսինքն մեզ ուրիշ բան չի մնա, եթե Հայաստանի տարածքում հանկարծ այդպիսի ռազմական էսկալացիա սկսվի։
Դուք հասկանում եք, չէ՞, որ այս հռետորաբանությամբ Հաագայում քննվող ատելության, անհանդուրժողականության հիմքով մեր հայցադիմումը արդեն իսկ ջուրն է նետվել միայն այն պատճառով, որ Երևանի կենտրոնում քաղաքական «այլընտրանքային» վերնախավը «թուրք» բառը բացասական օգտագործման քաղաքականությունն է որդեգրել, որը շատ լավ օգտագործելու են մեր հակառակորդները»։