Home / Հայաստան / Միրզոյանն ու Բայրամովը կրկին զրուցել են

Միրզոյանն ու Բայրամովը կրկին զրուցել են

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Սա Միրզոյան-Բայրամով արդեն երկրորդ երկկողմ հեռախոսազրույցն է, իսկ առաջինը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Մինչ այդ կողմերը միջնորդների միջոցով էին հաղորդակցվում։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։  Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ՝ համաձայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 7-ի նիստին, ի թիվս այլի, հայտարարել էր, որ  երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։