Երեկվանից Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում և Լիոնում, բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ երկրի վերընտրված նախագահ Էմմանուել Մակրոնի։ Ցուցարարները մեծամասամբ հակաֆաշիստներ էին, ովքեր, ըստ France 24-ի, դեմ են թե Մարին Լը Պենի ծայրահեղ աջ, և թե Մակրոնի՝ լիբերալ քաղաքական օրակարգին և պահանջում են սոցիալական ավելի մեծ բարեփոխումներ, օրինակ՝ մատչելի կրթություն և առավել լուրջ պայքար՝ կլիմայական փոփոխությունների դեմ։
Ոստիկանությունը շատ արագ ցրել է ցույցերը՝ օգտագործելով նաև արցունքաբեր գազ։ Բացի այդ, Փարիզի իրավապահները սպանել են երկու մարդու, ովքեր հրաժարվել են կանգնեցնել մեքենան և փորձել են քշել այն ուղիղ ոստիկանների վրա։ Մեքենայի ևս մեկ ուղևոր վիրավորվել է։
Առավել կազմակերպված և լայնամասշտաբ ձախական ցույցեր տեղի կունենան մայիսի մեկին՝ Աշխատավորների օրը։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, հիշեցնենք, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որ տեղի է ունեցել նախօրեին, հաղթել է ծայրահեղ աջ, պրոռուսական Մարին Լը Պենին։ Մակրոնը ստացել է քվեների 58.55, Լը Պենը՝ 41.45 տոկոսը։ Վերջին 20 տարիների մեջ առաջին անգամ Ֆրանսիայի գործող նախագահին հաջողվել է վերընտրվել. նախորդները մեկ ժամկետից ավել չէին ձգում։
Ֆրանսիացիների 28%-ը ընտրություններին չի մասնակցել, ինչը վատագույն ցուցանիշն է 1969-ից ի վեր։ Մարին Լը Պենն իր պարտությունը «խլացուցիչ հաղթական» է որակել. առաջին փուլում ուլտրաաջերի օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 30, իսկ երկրորդ փուլում՝ ավելի քան 40%-ը։ Ծայրահեղ նացիոնալիստների և ռասիստների համար սա աննախադեպ մեծ զանգվածայնություն է:
Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, որտեղ հույս ունեն հաջողություններ գրանցել և ծայրահեղ աջ լը Պենի, և ռասիստ Էրիկ Զեմուրի, և սոցիալիստ Ժոն Լյուկ Մելենշոնի կուսակցությունները։ Սոցիալիստներն, ի դեպ, նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղն էին զբաղեցրել՝ ստանալով քվեների շուրջ 22 տոկոսը․ առաջին փուլից երկրորդն անցնելու և նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակելու համար Մելենշոնին չէր հերիքել շուրջ 100 000 ձայն։