Home / Բանակ / Ղազախստանի ՁՊՎ-ներում 6 մարդու տանջամահ են արել ճնշված բողոքներից հետո

Ղազախստանի ՁՊՎ-ներում 6 մարդու տանջամահ են արել ճնշված բողոքներից հետո

Ղազախստանում հունվարյան ցույցերի, դրան հաջորդած դեպքերի արդյունքում ձերբակալվածներից 6-ը՝ խոշտանգումների ենթարկվելով ՁՊՎ-ներում, զոհվել են: Գլխավոր դատախազի խոսքերով քննության ընթացքում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները համատարած բնույթ չունեն, իսկ հակակոռուպցիոն ծառայությունը քննում է, թե ինչպես են ցուցարարին տանջել արդուկով․․․ 

Երկրի գլխավոր դատախազ Ռիզաբեկ Օժարովը հայտնել է, որ գերատեսչությանը փոխանցել են քրեական գործեր «հետաքննության անթույլատրելի միջոցների» գործածման փաստարկներով։ Հարուցվել են, սակայն, միայն այն գործերը, որոնց դեպքում բանտարկյալը մահացել է․ ըստ դատախազի երկու այդպիսի դեպք դիտվել է Ալմաթիի ՁՊՎ-ում, երեքը՝ արևելյան Ղազախստանի շրջանում և մեկը՝ Տալդի Կուրգանում։

Օժարովը նաև հայտարարել է, որ դատախազությունը կզբաղվի Տալդի Կուրգանի բնակչին արդուկով տանջելու վերաբերյալ գործով, որը հանրության մեջ մեծ ցնցում է առաջացրել։ Բնակիչը դեռևս գտնվում է ձերբակալվածներ պահման վայրում։

Ալմաթիի շրջանի հակակոռուպցիոն ծառայությունը փետրվարի 2-ն սկսել է նախաքննություն՝ կապված ցուցարարներից մեկի բողոքի հետ․ հունվարյան ցույցերի ժամանակ վերջինս մասնակցել է Նորսուլթան Նազարբաևի հուշարձանը պատվանդանից գցելուն։ Հրապարակված նկարներում երևում է, որ տղամարդու ամբողջ մեջքն ու ձեռքերը արյունազեղված են։ Բացի այդ կան այրվածքների հետքեր, որոնք ենթադրաբար առաջացել են արդուկով խոշտանգման արյդունքում։

Իրավապաշտպանները հայտնում են բանտարկված ցուցարարների նկատմամբ բազմաթիվ բռնությունների մասին։ Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալներով հունվարի սկզբին ծավալված զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 227 մարդ, որոնցից 19-ը՝ ուժայիններ։

Ղազախստանում ցույցերը սկսվել էին իշխանության կողմից հեղուկ գազի թանկացումից՝ վերածվելով զինված բախումների, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվել ու վիրավորվել էին։ Երկու շաբաթով երկրի տարածքում մտցվել էր արտակարգ դրություն, կառավարությունը պաշտոնանկ էր արվել, իսկ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Ցույցերը մարեցին ՀԱՊԿ-ի զորախմբի՝ Ղազախտան ուղարկվելուց հետո։ Իսկ Նազարբարևը, ով ըստ տարբեր ղազախ իրավապաշտպանների անգամ պաշտոնը թողնելուց հետո տիրապետում էր Ղազախստանի քաղաքական ու տնտեսական իշխանության մեծ մասին, կորցրեց օրենքով սահմանված մի շարք արտոնություններ։