Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով հունվարյան ցույցերից հետո նաև երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, այսօր հանդիպել է բիզնեսի տարբեր ներկայացուցիչերի հետ։ Հանդիպման ընթացքում նա քննադատել է երկրի հարստության կենտրոնացումը «մի քանի ձեռքերում», հանձնարարել ուսումնասիրել առաջին նախագահ Նազարբաևի հիմնադրամն ու խոստացել գնալ «դժվար որոշումների»:
Տոկաևն ուսումնասիրում է Նազարբաևի հիմնադրամի «ոչ թափանցիկությունը»
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է ուսումնասիրել իր նախորդի՝ Նուրսուլթան Նազարբաևի «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի կատարած «ոչ թափանցիկ» գնումները։
«Ստվեր, ոչ թափանցիկություն, բարձր գներ՝ այս փաստերը պետք է հրատապ կերպով վերլուծել։ Այլևս հնարավոր չէ։ Մի ամիս եմ տալիս, ընդ որում՝ վերջին անգամ։ Եթե լուծում չլինի՝ կհետևեն կոշտ որոշումներ։ Հուսամ՝ բոլորը համոզվեցին, որ ինձ համար առանցքային, նպատակային նշանակություն ունի «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» բանաձևը։ Սա բոլոր հարցերին է վերաբերում։ Պետության շահերն ինձ համար բարձր են որևէ մեկի հետ լավ հարաբերություններից։ Եթե պետության համար անհրաժեշտ է, ես պատրաստ եմ անգամ շատ դժվար որոշումներ կայացնել, և նման որոշումներ կկայացվեն նաև ապագայում», – հայտարարել է Տոկաևը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Սամրուկ-Կազինա» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին Նուրսուլթան Նազարբաևի հանձնարարությամ։ Հիմնադրամի նախագահ Ալմասադամ Սատկալիևի հետ և հանձնարարել մեծ բարեփոխումների ենթարկել ֆոնդը, որը, ըստ Տոկաևի, առանձնանում է ոչ միայն թափանցիկ չլինելով, այլև «քաղաքական նշանակություն ունեցող մարդկանց» նշանակմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջին նախագահը բարեգործական հիմնադրամների միջոցով տիրապետում է շուրջ 8 միլիարդ դոլարի ակտիվների։ Այս մասին հաղորդվել էր OCCRP հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև Vlast և Kloop լրատվականների համատեղ հետաքննությունից։
Ըստ այս կառույցների՝ պաշտոնավարման ընթացքում Նազարբաևը ստեղծել է բարեգործական 4 հիմնադրամ՝ «Назарбаев Фонде», «Фонде Нурсултана Назарбаева», «Фонде Демеу» և «Елбасы Фонде»։ Հիմնադրամների կողմից տնօրինվող ակտիվներում կան բանկեր (այդ թվում՝ Ղրղըզստանում և Ռուսաստանում), հեռուստաալիքներ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, ֆաբրիկաներ, պահեստներ, ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ, գոլֆի դաշտ, պարտաոմսեր և կանխիկ գումար։
Թեև այս ակտիվները Նազարբաևին ֆորմալ առումով չեն պատկանում, դրանք, որպես ֆոնդերի հիմնադիր, վերահսկում է հենց առաջին նախագահը, ում խոսնակը հրաժարվել է այս թեմայով որևէ մեկնաբանություն անել։
Հիմնադրամներից մեկը հայտարարել է, որ նախկին նախագահը այդ ակտիվներից «որևէ եկամուտ չի ստանում», իսկ ֆոնդի փողերով ստեղծվել են ուղղակի Նազարբաևի անվան կրթական հաստատություններ։
Բացի այդ՝ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը երեիկ հավանություն է տվել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին իր պաշտոնաթողությունից հետո տրված ցմահ լիազորություններից զրկելուն։ Սահմանադրական փոփոխություններով Նազարբաևը կդադարի լինել Ղազախստանի անվտանգության խորհրդի, ինչպես նաև Ժողովրդի ասամբլեայի ղեկավարը։ Այդ պաշտոնները կփոխանցվեն ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Օլիգոպոլիան հանգեցնում է դեպրեսիայի
Ղազախստանի գործող նախագահը բիզնեսնեսմենների հետ զրույցում վերահաստատել է իր դիրքորոշումը, որ երկրում օլիգոպոլիա է։
«Հուսամ բոլոր ներկաները գիտեն օլիգոպոլիայի դասական սահմանումը։ Բիզնեսի հսկայական կենտրոնացում մի քանի ձեռքում և ուրիշ, ձեռնակարտիրության կարողություններ ունեցող մարդկանց համար դրանով զբաղվելու միաժամանակյա բացակայություն։ Սա շատ վտանգավոր տենդենց է բոլոր պետությունների համար», – շարունակել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ երկրի հարստության կեսը այժմ պատկանում է 162 մարդու, մինչդեռ բնակչության կեսի ամսական եկամուտը 50 000 թենգեից (55 000 դրամ) չի անցնում։
Տոկաևի պնդմամբ՝ բիզնեսի մոնոպոլիզացիան բերում է Ղազախստանում համընդհանուր դեպրեսիայի։
«Կան մարդիկ, որ Հեգելին Բաբելի հետ են շփոթում, հատուկ կրթություն չունեն, բայց մեծաթիվ բիզնեսներ իրենց ձեռքերում են։ Միաժամանակ՝ կան կրթված, հատուկ դասընթացներ ավարտած մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասնել բիզնեսի աղբյուրների, կրեդիտային ռեսուրսների և այլն․․․Սա ծնում է դեպրեսիա, հասարակության, արդարության նկատմամբ հավատի բացակայություն՝ դրանից բխող բոլոր սոցիալ-տնտեսական հետևանքներով», – նշել է Տոկաևը։
Հիշեցնենք՝ Ղազախստանի առաջին նախագահը, երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերի մասին 3 շաբաթ լռելուց հետո տեսաուղերձ է հրապարակել, որում կոչ է անում ժողովրդին համախմբվել նախագահ Տոկաևի շուրջ, ում, իր խոսքով, այլևս պատկանում է երկրի ողջ իշխանությունը։ Նազարբաևն ինքն իրեն այլևս «սովորական թոշակառու» է համարում և այժմ, իր խոսքով, վայելում է «վաստակած հանգիստը»։
Նազարբաևը պնդել է, որ ինքն այս պահին Նուր-Սուլթանում է և հերքել, որ որևէ տարաձայնություն կա իր և Տոկաևի միջև, չնայած վերջին շաբաթներին հերթով պաշտոնանկ են արվել նախկին նախագահի բոլոր ազգականներն ու կադրերի մի մասը (մանրամասները՝ այստեղ)։