Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում ևս հետևում էին ղազախստանյան իրադարձություններին։ Համացանցի հայկական տիրույթն է՛լ ավելի աշխուժացավ ՀԱՊԿ-ի՝ Ղազախստան զորք ուղարկելու որոշումից հետո։ Խոսվում էր այդ ամենում չմասնակցելու անհնարինության և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պայմաններում Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ից համապատասխան արձագանքի բացակայության, ինչպես նաև այլ երկրի ներքին խնդիրներին «ամոթալի կերպով» ներգրավվելու մասին։
Իսկ զորք ուղարկելու առաջարկությամբ էր Կազմակերպությանն ավելի վաղ դիմել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչից հետո ՀՀ վարչապետը տեղեկացրեց․ «Ղազախստանի հանրապետության նախագահի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
4 օր անց՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարներն օնլայն-քննարկում են անցկացրել։ «Սահմանադրական կարգը երկրում վերականգնված է», – զեկուցեց Տոկաևը, ՌԴ նախագահը խոսեց Ղազախստանում օգտագործված «մայդանային տեխնոլոգիաների մասին», հատուկ վարժված գրոհայինների, որոնք, Վլադիմիր Պուտինի խոսքով, «թեժ կետերով են անցել»․ «Թույլ չենք տա մեր տանը իրավիճակը ճոճել, գունավոր հեղափոխությունների սցենարներ իրագործել»։ Իսկ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, աջակցություն հայտնեց Ղազախստանի իշխանությունների կողմից ձեռնարկված «կոշտ միջոցներին»։
Նույն օրը Երևանում՝ կառավարության շենքի դիմաց «Դո՛ւրս Ղազախստանից, դո՛ւրս ՀԱՊԿ-ից» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայաստանի եվրոպական կուսակցության բողոքի ցույցը, որին մասնակցեց մոտ տասը հոգի։ Մի քանի ժամ անց ևս երեք-չորս քաղաքացի՝ պաստառները ձեռքներին, կանգնեցին Հանրապետության Հրապարակում։ Երիտասարդները խոսում էին 2018 և այլ թվականների ցույցերից՝ հարցնելով՝ արդյոք այն ժամանակ է՞լ ճիշտ կլիներ, եթե այդ իրադարձություններին անմիջական մասնակցություն ունենար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
«Շատ անբարոյական քայլ էր, անմարդկային և հատկապես տխուր է, որ դա արվում է մի կառավարության կողմից, որը ի՛նքն է ժողովրդական հուզումների ալիքի վրա եկել։ Շատ անհանգստացնող է, թե Փաշինյանն էլ ինչի՞ է պատրաստ, եթե անգամ ինքը պատանդի դերում է այդ ՀԱՊԿ-ում, ինչի՞ է ինքը պատրաստ՝ Պուտինի հրահանգներով», – հարցնում է մասնակիցը։
Ոստիկանները, հուշելով, որ ակցիայի արտոնված չլինելու պատճառով կարող են վարչական միջոցներ կիրառել, կոչ արեցին լքել տարածքը։ Այնուհետև ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովի հետ միասին լուսանկարեցին պաստառները ու նրանց բոլորին «ուղեկցեցին» այնքան ժամանակ, մինչև վերջիններս լքեցին հրապարակը։
Մեկնաբանելով ՀԱՊԿ զորքերի միջամտությունը, Ռոմանովը ևս կարծիք հայտնեց, որ մարդիկ նույնիսկ չհասցրեցին կողմնորոշվել, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ․ «Ամբողջ պատմությունը, մեծ հաշվով, հարյուր ժամ տևեց։ Այս ամենը ամանորյա արձակուրդների օրերին եղավ։ Երևի՝ չարժե շատ խիստ լինել նրանց նկատմամբ, ովքեր չնայած չեն սատարում տեղի ունեցածին, բայց չեն եկել այսօր։
Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ոչ մի լավ բան չի եղել։ Նախկինում ասում էին, որ նախկին ԽՍՀՄ տարածքում բռնապետերի արհմիություն կա, իսկ այժմ այն, ըստ ամենայնի, ինչ-որ նոր փուլ է թևակոխել։ Դա արդեն ավելի նեղ միություն է և նրանց միացած Փաշինյանը»։ Լրագրողը կարծում է, որ Փաշինյանը կարող էր այդ «ազնիվ պարտականությունից» խուսափելու հազարավոր ձևեր գտնել։